Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. Որևէ մեկը որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել


Տիգրան Մուկուչյանի խոսքով, ԿԸՀ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների, բայց՝ ՏԻՄ։

«Հայաստանում որևէ մեկը, որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա կարծիքով, անգամ մարդկային ու ֆինանսական աննախադեպ ռեսուրսը եռյակին չի օգնի հաջողության հասնել մեկ պարզ պատճառով՝ իշխանափոխության հիմքեր չկան։

«Դուք թերագնահատում եք այլ ռեսուրսը, այսինքն, այն ռեսուրսը, որն առկա է նույն ընտրությունների ժամանակ, այո, հաղթած իշխանական կուսակցության մոտ։ Ցանկացած երկրում, որտեղ կամաց-կամաց ձևավորվում է երկբևեռ քաղաքական համակարգ, ռեսուրսները կենտրոնանում են այստեղ և այնտեղ։ Այս պարագայում, ռեսուրսը չէ, որ հիմնական դերակատարում է խաղալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը կարծում է՝ 2008-ի համեմատ ընդդիմությանը հակազդելու իշխանության ռեսուրսներն էլ այն չեն, նվազել են։

«Համաժողովրդական շարժման ժամանակ ընդդիմության դեմ օգտագործված ռեսուրսի 70-80 տոկոսը հիմա ուղղակի պիտանի չէ գործադրելու։ Ռեսուրսի մի մասը՝ զգալի հատվածը, արդեն իրենք են ընդդիմադիր, մյուս մասը դժգոհ է իշխող ռեժիմից, մեկ այլ մասը գործադրվել է, բայց հետևանքները մինչև հիմա չեն մարսել, նկատի ունեմ բանակի կիրառումը, մարտի 1-ի սպանությունները։ Ես մեծ հաշվարկ չեմ կարող ներկայացնել, թե ինչ ռեսուրսների վրա կարող է գործող իշխանությունը փորձել ընդդիմանալ այս շարժմանը»,- ասաց նա։

Ջհանգիրյանի խոսքով՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, ու հնարավորինս շուտ։

«Ես կարծում եմ՝ կուլմինացիան շատ ավելի արագ կլինի՝ 1-2 ամսվա մեջ, որովհետև շարժումը դժվար է էդքան երկար պահել, երբ որ դիմացն էապես համապետական իրադարձություններ չկան։ Էս շարժումը 1-2 ամսվա ընթացքում պետք է իր լուծումը ստանա՝ իրացվի իրականության մեջ»,- ասաց Ջհանգիրյանը։

Տիգրան Մուկուչյանն ասաց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է արտահերթ ընտրությունների, բայց՝ տեղական ինքնակառավարման մարմինների։

«Կան մի քանի համայնքներ, որտեղ անցկացվելու են արտահերթ ընտրություններ։ Որևէ այլ ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նախապատրաստվում, նման անհրաժեշտություն չկա»,- ասաց Մուկուչյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրում քաղաքական մենաշնորհը վերացնելու ամենակարճ ճանապարհ էր համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, մասնավորաբար, մեծամասնական ընտրակարգի վերացումը։ Ընտրական օրենսգիրքը պատրաստվում են փոփոխել, ասաց ԿԸՀ-ի ղեկավարը, բայց աշխատանքային խմբի առաջարկները վերաբերում են ընտրական գործընթացի կատարելագործմանը, կշտկեն տեղական և միջազգային դիտորդների նկատած թերությունները, ընտրակարգ փոխելու առաջարկ չկա։

«Արդարադատության նախարարությունը այդ առաջարկությունների հետ կապված աշխատում էր, ժամանակին ստեղծվել էր աշխատանքային խումբ, բավականին մեծ ծավալի աշխատանք էր կատարվել, և առաջիկայում երևի այդ ամբողջի ամփոփման արդյունքում կլինի համապատասխան նախագիծ»,- ասաց Մուկուչյանը։

Ըստ ԿՀԸ-ի նախագահի՝ չեն նախատեսում նաև ընտրողների ցուցակները հրապարակել։

Ջհանգիրյանն ասում է՝ գործող ընտրական օրենսգիրքը կեղծիքների հանրագիտարան է, դրա դեմն առնել է պետք նախ և առաջ ընտրողների ցուցակները հրապարակելով։

«Մեր ընտրացուցակներում ընդգրկված է 2 միլիոն 400 հազարից ավելի մարդ։ Հավատացեք ինձ, իշխանության կուլիսներում շատ լավ գիտեն, որ Հայաստանում այդքան բնակչություն չկա։ Հետևաբար ընտրությունների թափանցիկության, արդարության և այլնի մասին խոսակցություններն անիմաստ են, որովհետև որևէ այլ դեմոգրաֆիկական ցուցանիշ հանրապետություն չի աճում, բացի ընտրողների թվից»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG