Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը ափսոսանք հայտնեց Ղրիմի հարցում Երևանի դիրքորոշման վերաբերյալ


Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, այսօր ելույթ ունենալով «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցում տարածաշրջանի անվտանգությանը» թեմայով խորհրդաժողովին, ափսոսանք հայտնեց պաշտոնական Երևանի դիրքորոշման վերաբերյալ, որ արտահայտեց նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:

«Բրիտանիայի դեսպանը շատ հստակ խոսեց՝ քննադատելով Ռուսաստանի ապօրինի գործողությունները Ղրիմում: Մենք ռուսների հետ կապի մեջ ենք եղել ամեն օր՝ մենք, բրիտանացիները, գերմանացիները, բոլորը: Լավրով-Քերի բանակցություններ էին ընթանում, բազմաթիվ հեռախոսազրույցներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի միջև: Այնպես որ, մենք լսում էինք ռուսական կողմին, առաջարկում խաղաղ կարգավորման բազմաթիվ տարբերակներ, եթե անվտանգության խնդիրներ կային Ղրիմում ապրող ռուսների համար: Շատ բան կար, որ նրանք կարող էին անել, սակայն չարեցին»,- հայտարարեց Հեֆերնը։

Հեֆերնը շեշտեց, որ Բրիտանիայի դեսպանի բնորոշումը՝ Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին, նաև կիսում են Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն:

Անցած շաբաթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը բլոգային գրառում էր կատարել, որում քննադատել էր Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և ընդգծել՝ որպեսզի հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը.- «Հանրաքվեն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի»,- գրել էր Լիչը:

«Եվ ցավալի է, որ Հայաստանը երեկ այդպիսի հայտարարություն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»,- այսօր ասաց ԱՄՆ-ի դեսպանը։

Հիշեցնենք, ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
XS
SM
MD
LG