Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը բլոգային գրառում է կատարել Ղրիմում առաջիկա կիրակի կայանալիք հանրաքվեի մասին՝ հորդորելով Ռուսաստանին ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջոցով ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ընդգրկվել և գտնել հարցի խաղաղ լուծումը:

«Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը»,- գրել է ՄԹ դեսպանը:

«Կիրակի օրը Ղրիմում կկայանա հանրաքվե, որում չկա տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են պահել Ղրիմի կարգավիճակը որպես Ուկրաինայի անփոփոխ մաս: Մարդիկ կարող են քվեարկել միայն Ռուսաստանին միանալու կամ դեֆակտո անկախության օգտին՝վերադարձնելով 1992 թվականի չգործող սահմանադրությունը: ․․․Արդյոք կարող է ազատ ու արդար համարվել մի հանրաքվե, որը կազմակերպվում է երկու շաբաթում, երբ փողոցներում կա զինված աշխարհազոր, որին հնարավոր չէ տարբերակել, երբ բռնանում են լրագրողների վրա և առգրավում նրանց սարքերը, երբ խոչնդոտում են միջազգային ներկայացուցիչների մուտքը Ղրիմ և երբ, չնայած ռուսական ժխտումներին, հստակ ապացույց կա, որ ռուսական զորքերը թողել են իրենց բազաները և զբաղեցրել Ղրիմի ենթակառուցվածքները՝ խախտելով Ուկրաինայի ինքինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մի շարք երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր»,- հարցնում է Միացյալ Թագավորության դեսպանը:

Դեսպանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ որպեսզի հանրաքվեն լինի արդար, կայուն և վերջնականապես լուծի, այլ ոչ թե հարուցի խնդիրներ, այն պետք է դառնա բանակցության ու քննարկման բաց ու ներառական գործընթացի վերջին հանգրվանը:

«Այն կարող է ծրագրվել միայն, երբ պարզ դառնա, որ բոլոր կողմերը պատրաստ են խաղաղ ընդունել դրա արդյունքը: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է Միացյալ Թագավորությունը պատրաստ Շոտլանդիայի անկախության համար հանրաքվեն անցկացնել այս տարի»,- նշում է Լիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG