Մատչելիության հղումներ

Մալլի․ «Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է»


Իրանական պաշտոնական աղբյուրները պնդում են՝ Ռուսաստանի նախագահի Թեհրան կատարած այցից հետո երկու երկրների հարաբերությունները կտրուկ կերպով սերտանալու են։

Պաշտոնական IRNA գործակալությունը, երեկ, Վլադիմիր Պուտինի և Իրանի ղեկավարության միջև ընթացող բանակցություններին զուգահեռ, հաղորդեց, որ Ռուսաստանը պատրաստվում է տասնապատկել իսլամական հանրապետության էներգետիկ ոլորտում կատարվող ներդրումները՝ դրանց ծավալը հասցնելով 40 միլիարդ ամերիկյան դոլարի։ Այս մասին հայտարարեց Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջասթեմեհրը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցն արդեն իսկ ներդրումների մեծացման մասին հուշագիր է ստորագրել ռուսական «Գազպրոմ»-ի հետ։

«Մենք պայմանավորվել ենք, որ «Գազպրոմ»-ի հետ համատեղ գազ կարդյունահանենք «Հյուսիսային Փարս» հանքավայրում, ինչպես նաև Քիշ կղզու շրջանում։ Այս վերջին հանքավայրում միայն ռուսական կողմը 10 միլիարդ դոլար է ներդնելու», - հայտարարում էր Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավարը։

Այն նույն ժամերին, երբ Թեհրանում սկզբում ընթանում էին երկկողմ ռուս-իրանական ապա եռակողմ Իրան-Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները, Մոսկվայի հետ մեկ այլ՝ ռազմական ոլորտում համագործակցության խորացման մասին ակնարկներով հանդես եկավ իսլամական հանրապետության ցամաքային ուժերի հրամանատար Քիումարս Հեյդարին։

«Մենք այս պահին պատրաստ ենք ռազմական տեխնիկա և սպառազինություն արտահանել», - Reuters-ի փոխանցմամբ, տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր իրանցի զինվորականը՝ չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որ երկիր է Թեհրանը պատրաստվում արտահանել իր ռազմական արտադրանքը։

Reuters-ը հիշեցնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ Սպիտակ տունը, հետախուզության տվյալների վրա հիմնվելով, հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է իրանական արտադրության հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում օգտագործելու համար։ Ճիշտ է, հետագայում Իրանի արտգործնախարարը հերքեց այս հաղորդագրոությունները, բայցևայնպես Վաշինգտոնում վստահ են՝ այժմ Իրանի իշխանությունները ճակատագրական երկընտրանքի առջև են՝ միջուկային համաձայնագրի վերականգնում և պատժամիջոցների վերացում կամ էլ Ռուսաստանի հետ սերտ դաշինք։

«Իրանն այժմ ընտրություն ունի։ Այն կարող է ընտրել Ռուսաստանից համեմատական կախվածության տարբերակը, Ռուսաստանից, որն այսօր միջազգային ասպարեզում մեկուսացված է և շատ սահմանափակ տնտեսական կարողություններ ունի։ Մյուս կողմից Իրանը կարող է ընտրել արդեն շուրջ մեկուկես տարի բանակցությունների սեղանին գտնվող միջուկային համաձայնագրին վերադառնալու տարբերակը։ Այդ դեպքում այն բնականոն տնտեսական հարաբերություններ կունենա իր հարևանների, Եվրոպայի, ողջ աշխարհի հետ», - CNN-ին տված հարցազրույցում նշում էր Իրանի հարցերով ամերիկացի հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին՝ հավելելով, - «սա մի ընտրություն է, որն Իրանը ինքը պետք է կատարի։ Եթե այդ երկիրը որոշի հրաժարվել միջուկային համաձայնագրի կնքումից, ընտրի մեկուսացման խորացումը, շրջվի դեպի Ռուսաստանն ու այդ երկրին անօդաչու թռչող սարքեր վաճառի՝ դա, իհարկե, այնքան էլ հաճելի ընտրություն չի լինի, բայց կլինի Իրանի ընտրությունը»:

CNN-ի հետ զրույցում ամերիկացի դիվանագետը ազնվորեն խոստովանում է, որ Իրանի շուրջ այս ողջ իրավիճակը չէր ստեղծվի, եթե Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորոշեր միակողմանիորեն լքել 2015 թվականին կնքված համաձայնագիրը։

«Դա աղետալի որոշում էր, որը վնաս հասցրեց թե՛ մեր անվտանգությանը, թե՛ տարածաշրջանային կայունությանը։ 2015 թվականին կնքված համաձայնագիրը գործում էր, իրանցիները կատարում էին դրա պահանջները և միջուկային ծրագիրը նախանշված սահմաններից դուրս չէր գալիս։ Այն պահից սկսած, ինչ մենք լքեցին համաձայնագիրը, Իրանը սկսեց հարստացված ուրանի շատ մեծ ծավալներ կուտակել, ավելի ժամանակակից ցենտրիֆուգներ օգտագործել, սահմանափակեց ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների այցերը իր միջուկային օբյեկտներ։ Որպես հետևանք, այժմ Իրանից ընդամենը մի քանի շաբաթ է պահանջվում, որպեսզի այն առաջին միջուկային ռումբի ստեղծման համար բավարար վառելիք կարողանա կուտակել», - հայտարարում էր Մալլին՝ նշելով, սակայն, որ բուն զենքի ստեղծումը կարող է շատ ավելի երկար տևել։

Ստեղծված իրավիճակում, ըստ Մալլիի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման հեռանկարները գնալով ավելի մշուշոտ են դառնում։

«Համաձայնագրի ստորագրման հնարավորություն դեռ կա, սակայն այն օրեցօր նվազում է։ Նախագահ Բայդենը իր մերձավորարևելյան շրջագայության ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ Վաշինգտոնի նպատակը շարունակում է մնալ համաձայնագրի վերականգնումը։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ սա մի հնարավորություն է, որ հավերժ հասանելի չի լինի։ Ամեն նոր օրը ավելի քիչ հավանական է դարձնում համաձայնագրի կնքումը և հնարավորությունների պատուհանը բավական արագորեն է փակվում», - հայտարարում էր Իրանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը։

Մալլի․ «Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է»
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

XS
SM
MD
LG