Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահ. Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2016թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, Երևան, 8-ը սեպտեմբերի, 2016թ․

Իշխող Հանրապետականը հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կուսակցության գործադիր մարմնի՝ հինգշաբթի երեկոյան միաձայն ընդունած այդ որոշումից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ առաջիկայում էական փոփոխություններ են լինելու, և «Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»:

«Կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ», - ասաց Հայաստանի նախագահը:

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նախագահ Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը՝ միաժամանակ հանձնարարելով գործադիրի անդամներին շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Անդրադառնալով նախորդ տասնհինգ տարիներին ռուսաստանյան «Գազպրոմ»-ի հետ աշխատած ու Երևանն ընդամենը տասնմեկ ամիս գլխավորած Կարեն Կարապետյանին, ՀՀԿ ղեկավարն ընդգծեց՝ լավ է ճանաչում նրան:

«Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում», - ասաց Սերժ Սարգսյանը:

1998 թվականից «Հայէներգո»-ն, իսկ 2001-ից՝ «ՀայՌուսգազարդ»-ը գլխավորած Կարեն Կարապետյանը շատերի համար անակնկալ կերպով 2010-ի դեկտեմբերին ընտրվեց Երևանի քաղաքապետ: Նրա պաշտոնավարումն անգամ մեկ տարի չտևեց, և, օրինակ, լրատվամիջոցներում Կարապետյանն առավել շատ հիշատակվում էր «դրայվ» բառի և մայրաքաղաքում ապամոնտաժված մոտ հազար կրպակների պատճառով:

Անակնկալ էր նաև Երևանի քաղաքապետի պաշտոնից նրա հրաժարականը, որը նա բացատրեց անձնական պատճառներով: Կարապետյանը վերադարձավ «Գազպրոմ»՝ զբաղեցնելով «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահի պաշտոնը:

Երեկ երեկոյան կուսակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ երկար ու շատ հարցերից է զրուցել՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելը:

«Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում», - նշեց նախագահը:

Սերժ Սարգսյանը չմոռացավ գովասանքի խոսքեր հղել վարչապետի պաշտոնը թողած Հովիկ Աբրահամյանի հասցեին՝ հայտարարելով, որ բարձր է գնահատում նրա այդ քայլը:

«Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ», - ասաց նախագահը:

Հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն, հանդես գալով պատասխան ելույթով՝ Կարեն Կարապետյանը խոստացել է ազնիվ ու լիարժեք աշխատել: Վարչապետի թեկնածուն հավելել է՝ մոտ ժամանակներս կներկայացնի երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG