Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է


Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնի թեկնածու Կարեն Կարապետյանը ՀՀԿ խորհրդի նիստում
Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնի թեկնածու Կարեն Կարապետյանը ՀՀԿ խորհրդի նիստում

Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր է դրել՝ վերականգնել «իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը»:

«Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների՝ տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը», - Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ քաղաքական բարեփոխումները կապելով նոր ընդունված Սահմանադրության հետ: - «Սահմանադրական բարեփոխումներին հաջորդեցին բավականին բարդ, աշխատատար, պրոֆեսիոնալ լուծումներ պահանջող նախապատրաստական աշխատանքներ, որոնց մեծ մասը չի եղել հրապարակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այն աննախադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախապատրաստական աշխատանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատերազմից հետո: Պատերազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարունակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագրած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապաղելու ժամանակ մենք չունենք», - ընդգծել է նա:

ՀՀԿ կայքում հրապարակված ելույթի տեքստի համաձայն, արձանագրելով, որ իր ղեկավարած Հանրապետական կուսակցությունը «բազմաշերտ է» և դրանում ներկայացված են «հասարակության բոլոր շերտերը»՝ Սարգսյանը հայտարարել է․ - «Մենք ապացուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման համար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն:

Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատակադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխոսենք կառավարության մասին»:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է ՀՀԿ խորհրդի նիստին նախորդած Գործադիր մարմնի նիստում ընդունված որոշմանը՝ հրաժարականի դիմում ներկայացրած Հովիկ Աբրահամյանի փոխարեն վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին: - «Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»:

Խոսելով «նորացված Սահմանադրության պայմաններում» նոր կառավարության խնդիրների ու փիլիսոփայության մասին՝ Սերժ Սարգսյանը բնորոշել է «Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու համագործակցության համար, բայց և՝ հաստատակամ իր նպատակներում»:

«Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում», - նշել է նախագահը՝ շարունակելով, - «Առանց բաց կառավարման, հասարակական լայն վստահություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը»:

«Պաշտոնից չկառչելու առաքինությունը»

Վստահություն հայտնելով, որ նոր կառավարության գործունեության արդյունքում «ամեն ինչ լավ է լինելու», Սերժ Սարգսյանը նաև բոլորի անունից շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ընդգծելով, որ «նոր քաղաքական մշակույթի համար առանցքային է պաշտոնատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքինությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավելագույնը»:

Նախագահը նաև վստահեցրել է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին՝ հավելելով․ - «Այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»:

XS
SM
MD
LG