Մատչելիության հղումներ

logo-print

Կարեն Կարապետյանը «դրայվ» ունի Երեւանի կառավարման համար


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, որպես կառավարչի ահավոր հետաքրքիր է: Այդ բառը ես սիրում եմ, դրա համար կօգտագործեմ` դրայվ ունեմ քաղաքի կառավարման համար», - պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում երեքշաբթի օրը ասաց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին նախագահ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է անցած դեկտեմբերի 17-ին: Կարապետյանը միակ թեկնածուն էր, իսկ նրան առաջադրած իշխող ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի Երեւանի ավագանու (որն ընտրում է քաղաքապետին) կազմում:

Կարապետյանը, սակայն, այսօր հայտարարեց, թե իրեն քաղաքականությունից հեռու է համարում եւ անգամ դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու առաջիկա նախագահական ընտրություններում:

«Իրականում ես ինձ քաղաքական դեմք չեմ ընդունում, եւ մենք մաքսիմալ մեր այսօրվա թիմով փորձում ենք ձեւավորել այդ իմիջը… որ մենք քաղաքային գույքի, քաղաքային այս ոլորտի, քաղաքապետարանի կառավարիչն ենք», - նշեց նա` այդուհանդերձ, հավելելով. - «Ճիշտ է, ես հաշվետու եմ Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ իրենք են ինձ ներկայացրել»:

Ասուլիսում քաղաքապետը խոսեց նաեւ Ազատություն հրապարակում հանրահավաքների անցկացման հարցի մասին: Կարապետյանը հայտարարեց, թե քաղաքապետարանը չի արգելում այդտեղ հանրահավաք անցկացնել, պարզապես քաղաքապետարանը որեւէ քաղաքական ուժի թույլ չի տալիս հավաքներ անցկացնել այդ տարածքում:

«Կարծում եմ, բոլոր քաղաքներում կան տեղեր, որտեղ հանրահավաք չի թույլատրվում ինչ-ինչ պատճառներով: Ինչ պատճառներով մենք չենք թույլատրում` մենք տեղադրում ենք մեր կայքում», - շարունակեց նա` հայտարարելով. - «Մենք չենք արգելում հանրահավաքը, եւ չկա կողմնակալ վերաբերմունք»:

Քաղաքապետարանի կազմած զեկույցում նշվում են Կարապետյանի` պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարած բարեփոխումները եւ ապագա անելիքը: Ցանկում տեղ են գտել կանաչապատմանը, տրանսպորտին, կինոթատրոններին, շինարարությանը, շենքերի սեյսմակայունությանը, քաղաքի մաքրությանը վերաբերող եւ այլ հարցեր:

Հիշեցնենք, որ նոր քաղաքապետի պաշտոնավարման առաջին օրերին մեծ աղմուկ բարձրացավ բացօթյա առեւտուրն արգելելու կապակցությամբ: Առեւտրականները բողոքում են, թե զրկվել են ապրուստի միջոցից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երեւանցիները իրենց կարծիքները հայտնեցին նոր քաղաքապետի գործունեության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG