Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է, որ իշխանությունը գնա արմատական զիջման


Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

4+4+4 ձևաչափը նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ընտրական օրենսգրքի բանակցված բարեփոխումները չկատարելու փոխարեն իշխանությունից պահանջում է գնալ արմատական զիջման և հրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց ցուցակները:

Կոնգրեսի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, եթե իշխանությունները, պառճառ բերելով տեխնիկական խնդիրները, հրաժարվում են ներդնել մատնահետքերով ընտրողների նախագրանցման համակարգը, ուրեմն պետք է հրապարակեն ստորագրված մատյանները․ - «Մենք պահանջում ենք, որ այն խնդիրը, որ 2003 թվականից մեր հանրությունը դնում է ձեր առաջ, որին դուք կատաղի ձևով դիմադրել եք, չեք արել, հրաժարվել եք անել, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ ամբողջ կեղծարարությունը թաքնված է էդ մատյանների մեջ․․․ Ուրեմն մենք պահանջում ենք, եթե սա չեք կարողանում անել, որ դուք բավարարեք ստորագրված ցուցակների հրապարակումը»:

ՀԱԿ-ը պահանջում է նաև ապահովել այդ ցուցակների հիման վրա բողոքարկման հնարավորությունը այնպես, ինչպես կառաջարկեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եվ այդ դեպքում միայն հնարավոր կլինի 4+4+4 ձևաչափով նոր համաձայնագրի ստորագրումը, որը, ըստ Զուրաբյանի, «թույլ կտա միջազգային հանրությանը աջակցություն ցույց տալ այդ պրոցեսին»․ - «Այսօր Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, ՄԱԿ-ը, բոլորը սպասում են վերջնական պատասխանի: Եթե նախկինում կնքված համաձայնությունը չի գործելու, նրանք չեն աջակցելու Հայաստանի Հանրապետությանը էս ընտրությունների անցկացման գործում, էդ թանկարժեք տեխնիկայի ձեռք բերման գործում և այլն, և այլն: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր պահանջները բավարարվեն, էդ դեպքում միջազգային հանրությունը լիարժեք աջակցություն ցույց կտա»:

Դիտարկմանը, թե մեկ տասնամյակից ավելի իշխանությունները տարբեր հակափաստարկներ են բերել, վկայակոչել են Վենետիկի հանձնաժողովը, պնդել են, թե մարդու անձնական կյանքի գաղտնիությունը կխախտվի, և հարցին, թե ինչու հիմա պետք է գնան այդ քայլին, Զուրաբյանն արձագանքեց, որ այժմ իրավիճակը «կտրուկ փոխվել է»․ - «Հավատացեք մի քիչ էլ մեր քաղաքական հոտառությանը և ըմբռնմանը իրավիճակի․ արմատական փոփոխություններ կան՝ կապված և՛ լարված իրավիճակի (Ադրբեջանը ցանկացած պահին կարող է գրոհել) հետ, և՛ խնդիրներ կան արդեն Հայաստանի ներսում, որոնք երևում է, որ արդեն ափից դուրս են գալիս, որը իշխանություններին պետք է դրդի ամենաարմատական պահանջների կատարմանը: Մենք հիմա էդ հարցով բանակցում ենք, մենք դրել ենք էդ հարցերը իշխանության առաջ»:

Որպես զիջում իշխանություններն առաջարկում էին միայն վստահված անձանց երկու ժամ հնարավորություն տալ ծանոթանալու ստորագրված ցուցակներին՝ առանց պատճենելու իրավունքի:

Նախօերին անդրադառնալով ցուցակներն ամբողջությամբ ու բոլորի համար հրապարակելու պահանջին՝ Էդուարդ Շարմազանովն առանց չակերտներ բացելու միայն ակնարկել էր․ - «Կարծում եմ, որ կարելի ընտրել ոսկե միջինը»:

«Ոչ մի ոսկե միջին տարբերակ չի կարող լինել», - հակադարձեց Լևոն Զուրաբյանը: - «Պետք է լինի ստորագրություններով, սքանավորված, դաունլոդաբլ՝ այսինքն, որ կարողանաս ներբեռնել դա, որ կարողանաս այդ ֆայլերը բոլորը վերցնես և դրանով ստուգումներ անցկացնես: Ոորվհետև 2017 թվականին մենք դա պետք է վերածենք համազգային մի հատ վարժության: Նաև Հայաստանից դուրս գտնվողները, բոլորը հնարավորություն են ստանալու տեսնել, ստուգել՝ էս մարդը եկե՞լ է, քվեարկե՞լ է, ստորագրությունը դրե՞լ է, կե՞ղծ է, կե՞ղծ չի և այլն, և այլն: Եվ էդ ամբողջ ինֆորմացիան պետք է հավաքվի մի միասնական կենտրոնում, որը կպայթեցնի ընտրակեղծարարության որևէ հնարավորություն»:

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, ի դեպ, բացառում է 2017 թվականի ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարության ձևավորումը «Հանրապետական» կուսակցության հետ, ինչի մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

«Բացառվում ա», - ասաց Լևոն Զուրաբյանը: - «Մենք ո՞նց կարող ա գողերի կամ ընտրակեղծարարների հետ հայտնվել նույն թիմում: Ասենք, լավ, վերցրեցինք, կոալիցիոն կառավարություն ստեղծեցինք՝ մի քանի մինիստրը իրանք են, մի քանի մինիստրը մենք ենք: Մենք ո՞նց ենք գործ անելու գողերի հետ: Խնդիրը էն ա, որ նրանք պետք է բանտ նստեն»:

XS
SM
MD
LG