Մատչելիության հղումներ

ԸՕ վերահսկման մեխանիզմների ներդրումը՝ վտանգի տակ


4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումներ, արխիվ

4+4+4 ձևաչափով ընթացող քննարկումներ, արխիվ

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, վերահսկողական մեխանիզմներից իշխանությունը պարզապես հրաժարվում է՝ հասկանալով, որ դա իրենց համար ձեռնտու տարբերակ չէ:

Ընտրական օրենսգրքում վերահսկողական մեխնաիզմների ներդրումը հարցականի տակ է հայտնվել: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, մասնավորապես, տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել 10 մատնահետքերի ներբեռնումն ապահովող սարքավորումների ներդրման և համակարգի գործարկման հետ կապված:

Մինչդեռ, նկատենք՝ սա, ըստ ընդդիմադիրների, հենց այն կարևորագույն մեխանիզմն է, որը թույլ կտար կանխել ընտրակեղծքիները: Իշխող Հանրապետականի ներկայացուցչի խոսքով, սակայն, 2017-ի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և մի քանի ամսում տեխնիկապես անհնար է լինելու այդ մեխազնիմների ներդրումը:

«Տեխնիկական ապահովվածության հետ կապված կան որոշակի խնդիրներ, այսինքն՝ 10 մատնահետքերով նախնական գրանցման և նմանատիպ գործընթացների հետ կապված կարծես թե կան որոշակի խնդիրներ: Հիմա տպավորություն կա, որ ինչ-որ մի տեղ էդ տեխնիկան դրված է, և պետք է բերել և շահագործել: Դա էդպես հեշտ չի, մենք խոսում ենք մի գործընթացի մասին, որի մեջ պետք է 1,5 միլիոն մարդ մասնակցություն ունենա, դա ապահովեն:

Եթե Ընտրական օրենսգիրքը նման հայտարարություն անողները կարդացել են, ապա մոտավորապես ապրիլի սկզբին ունենալու ենք համապետական ընտրություններ, իսկ մինչև ապրիլ, նաև էդ ցուցակների նախնական հրապարակումն է և այլն, և այլն, եթե օրացույցով հետ ես գալիս, մնում է ընդամենը 5-6 ամիս: Եթե էդ ընթացքում էլ հանում ենք ամանորի տոները, ապա ժամանակ չի մնում»,- ասաց Սահակյանը:

Հարցին ի պատասխան՝ եթե 10 մատնահետքերի ներբեռնում չի իրականացվելու, ապա ի՞նչ այլընտրանքային մեխազնիմներ են առաջարկվելու, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահն ասաց՝ պետք է սպասել մինչև օրենքով սահմանված ժամկետը՝ սեպտմբերի 1-ը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես կհայտարարի՝ հնարավո՞ր է, թե ոչ, այդ մեխանզմների ներդրումը: Առայժմ քննարկումները շարունակվում են:

Երբ 4+4+4 ձևաչափով քննարկումներ էին ընթանում, այն ժամանակ իշխանությունների համար պարզ չէ՞ր, որ այդչափ հսկայածավալ աշխատանքների համար ժամանակը չի բավականացնի, «Ազատության» այս հարցին, Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց՝ «Էն ժամանակ էլ ենք նշել, ես անձամբ նշել եմ բազմիցս, նույնիսկ հրապարակային, որ տեխնիկապես գրեթե անհնար է: Որքանով ես տեղյակ եմ, տարբեր միջազգային կառույցների հետ քննարկումների ընթացքում կարծես թե եկել են ընդհանուր եզրահանգման, որ հնարավոր է դա իրականացնել, որից հետո եկել ենք հասել ենք էս կետին»:

Մինչդեռ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, վերահսկողական մեխանիզմներից իշխանությունը պարզապես հրաժարվում է՝ հասկանալով, որ դա իրենց համար ձեռնտու տարբերակ չէ: Ըստ Զոհրաբյանի, իշխանություններին դեռևս երկու ամիս առաջ դոնոր կազմակերպությունները տեղեկացրել են, որ անհրաժեշտ գումարը կա, և եթե իրենք արհեստականորեն ժամանակ չձգեին, եթե ոչ 10, ապա գոնե 2 մատի մատնահետքերի ներբեռնմամբ նույնականացման քարտերի ներդրումը տեխնիկապես հնարավոր կլիներ իրականացնել: «Այսօր, այո, ժամանակ արդեն չկա»,- «Ազատությանն» ասաց Զոհրաբյանը:

«Իրենք հասկացան, որ 10 մատների ներբեռնումը արդեն գրեթե, կարելի է ասել, բացառում է կրկնաքվեարկության որևէ սողանցք, և իրենց հաշավարկները բերեցեին նրան, որ դա իրենց, էսպես ասենք՝ ձեռնտու տարբերակ չէ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Հանրապետական Հովհաննես Սահակյանը Զոհրաբյանին հորդորում է՝ ավելի զուսպ արտահայտվել: Եթե իշխանությունը չցանկանար ներդնել այդ մեխանիզմները, ի սկզբանե կհրաժարվեր դրանցից, ասում է Սահակյանը, շարունակելով՝ «Չգիտեմ Նաիրա Զոհրաբյանն ինչ է ասել և որտեղից է վերցրել: Ես էս փուլում խորհուրդ կտայի և կհորդորեի մեր գործընկերներին, որպեսզի հայտարարությունների մեջ մի փոքր զուսպ լինեն, որովհետև քննարկումները շարունակվում են»:

ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» հետ զրույցում նաև նշեց, թե այժմ, իբրև այլընտրանք, իշխանության հետ քննարկում են ընտրողների ցուցակները հրապարակելու տարբերակը: Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մինչդեռ, ասաց, թե ինքը նման քննարկումների չի մասնակացել և, հետևաբար, չի կարող կարծիք հայտնել:

«Ցուցակների հրապարակման հետ կապված իմ տեսակետն անփոփոխ է, դրանք խնդրահարույց են, բայց եթե պետք է վստահության հետ կապված նման եզրահանգման գանք, ընդհանուր առմամբ, մի գուցե նաև վերանայենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Նա, այդուհանդերձ, վստահեցրեց՝ իրենց կհաջողվի վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ ընդհանուր հայտարարի գալ, որը «կբավարարի բոլոր կողմերին»:

XS
SM
MD
LG