Մատչելիության հղումներ

ԲՀԿ ղեկավարը պնդում է, որ ԸՕ վերահսկողական մեխանիզմներ ներդնելու փոփոխությունները կյանքի չեն կոչվելու


Ընտրական օրենսգրքում վերահսկողական մեխանիզմներ ներդնելու փոփոխությունները կյանքի չեն կոչվելու, վերջնաժամկետից 10 օր առաջ հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով, որ գործընթացը տապալել է իշխանությունը:

«Իրենք հասկացան, որ 10 մատների ներբեռնումը գրեթե բացառում է կրկնաքվեարկության որևէ սողանցք և իրենց հաշվարկները բերեցին նրան, որ դա ձեռնտու տարբերակ չէ», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Զոհրաբյանը:

4+4+4 ձևաչափով ամիսներ շարունակված թեժ քննարկումներից հետո ընդդիմության ու քաղհասարակության պահանջով ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ներդնել 10 մատնահետքերը ստուգող համակարգ և քվեարկությունը թույլատրել միայն նույնականացման քարտերով, օրենքի ուժ կարող են ստանալ, եթե մինչև սեպտեմբերի 1-ը հաջողվի հայթայթել 16 միլիոն եվրո:

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, անհրաժեշտ գումարի հարցը լուծված է դեռևս նախորդ ամսվանից: ԲՀԿ ղեկավարի խոսքով, որպես էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման այլընտրանք, այժմ իշխանության հետ քննարկում են ընտրողների ցուցակները հրապարակելու տարբերակը։

«Ընտրացուցակների հրապարակումը կարող է ընդունելի լինել միայն մի դեպքում, եթե կոնկրետ պատժամիջոցները՝ զեղծարարության, ընտրակեղծարարության, կեղծ ստորագրելու՝ բացակայելու դեպքում, շատ ավելի հստակ և շատ ավելի խիստ պատժվելու են», - ասաց Զոհրաբյանը:

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ արդեն ավելի քան մեկ ու կես ամիս է հրաժարվում է խոսել փոփոխությունների համար 4+4+4 ձևաչափը նախաձեռնած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր էլ չմեկնաբանեց գործընթացը, նշելով, որ կուսակցությունն իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ։

4+4+4 ձևաչափի քննարկումներին մասնակցած Դանիել Իոաննիսյանի համար գործընթացի տապալումն անակնկալ չէր, քաղհասարակության ներկայացուցչի պնդմամբ, ազատ ու արդար ընտրությունների նպատակ իշխանություններն ի սկզբանե չունեին։ Իոաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում հրապարակել քվեարկած անձանց ցուցակները, երբ տարիներ շարունակ կտրականապես մերժում էր այս պահանջը՝ համարելով այն հակասահմանադրական ու միջազգային իրավունքին հակասող։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան այսօր հրաժարվեց խոսել ցուցակները հրապարակելու առաջարկի մասին, փոխարենն ասաց, որ չի ընդունում ընդդիմության քննադատությունը թե փոփոխությունները այդպես էլ թղթի վրա կմնան իշխանության մեղքով։ Բաղդասարյանը վստահեցնում է՝ վերահսկողական մեխանիզմները չեն գործարկվի միմիայն տեխնիկական պատճառներով:

«Մենք դեմ չենք, իրենք չեն հասցնում: Այդ կազմակերպությունը, որը պետք է կատարեր այդ գործողությունները՝ տեխնիկական ապահովությունը աներ, ասում է՝ ֆիզիկապես ես չեմ հասցնում», - մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Բաղդասարյանը:

Էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումից բացի, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով նախատեսվում է ընտրական տեղամասերը զինել տեսախցիկներով ու ընտրական գործընթացը՝ քվեարկությունից մինչև հաշվարկ, հեռարձակել ուղիղ եթերով։

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է՝ ցուցակների հրապարակումը համարժեք չէ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմանը, ուստի ընտրակեղծարարության օղակը սեղմելու համար իշխանությունները պարտավոր են կյանքի կոչել գոնե այս նորամուծությունը։

Տեսախցիկների հարցը, ըստ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, օրակարգից դուրս չէ, վերջնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին մեկնարկող Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG