Մատչելիության հղումներ

ԸՕ շուրջ միջազգային կառույցների «առաջարկությունների զգալի մասը հաշվի են առնվել»


Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քվեարկության արդյունքները Ազգային ժողովում: 25-ը մայիսի, 2016 թ․

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քվեարկության արդյունքները Ազգային ժողովում: 25-ը մայիսի, 2016 թ․

Վենետիկի հանձնաժողովը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել են մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկրորդ կարծիքը, նշելով, որ իրենց նախորդ կարծիքում բերված առաջարկությունների զգալի մասը հաշվի են առնվել:

«Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջին համատեղ կարծիքում Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը երեք առանցքային և մի շարք այլ առաջարկություններ են ներկայացրել: Նոր Ընտրական օրենսգիրքը փոփոխվել է հունիսի 30-ին և դրանում հաշվի են առնվել այդ առաջարկությունների զգալի մասը», - ասված է կարծիքում:

Միջազգային փորձագետները առանձնացնում են քաղաքական կոալիցիաների ձևավորման համար պահանջվող ժամկետի երկարացումը՝ երեքի փոխարեն այժմ վեց օր, ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու հնարավորության ստեղծումը, քաղաքացիական դիտորդների մասնակցության կարգի պարզեցումը, նախագահի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների նշանակման հարցում խորհրդարանական ուժերի հետ «կոնսուլտացիաների» պահանջը և այլն։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը անդրադարձել են նաև 4+4+4 ձևաչափով բանակցություններին և դրա արդյունքում ձեռք բերված համաձայնությանը:

«Թեև ընտրական համակարգը ամբողջովին նոր է, բարեփոխումներն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսին է ընտրացուցակների ճշգրտությունը, որը ներառված է եղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ 2016թ․ մայիսի 25-ին ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը ստացել է նշանակալի մեծամասնության աջակցությունը, ինչին հաջորդել է իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև լայն քաղաքական համաձայնությունը ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ հավելյալ միջոցների շուրջ, որոնք կարող են ընդլայնել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ նախապայմանները: Քաղաքացիական կազմակերպությունները նույնպես կառուցողական մասնակցություն են ունեցել բանակցություններին, թեև ի վերջո չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը հիմք հանդիսացավ Ընտրական օրենսգրքի հավելյալ բարեփոխումների համար, որը խորհրդարանի կողմից ընդունվեց 2016թ․ հունիսի 30-ին, և որը, մասնավորապես, նախատեսում է նոր տեխնոլոգիաների օգտագործում ընտրական գործընթացի վերահսկողության նպատակով, պայմանավոր, որ ապահովվի համապատասխան ֆինանսավորում: Այս հավելյալ փոփոխություններից շատերը կարող են դիտարկվել որպես ընտրական համակարգի և գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելուն ուղղված քայլեր», - ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրենց աջակցությունն են հայտնում փոխզիջումային այս ոգուն և մաղթում, որ այն հաղթանակի Ընտրական օրենսգրքի իրականացման և 2016-ի աշնանը նոր Կենտրոնական հանձնաժողովի ընտրությունների ժամանակ», - նաև ասված է Վենետիկի հանձնաժողովի անունից տարածված հաղորդագրությունում:

Վենետիկի հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ վերոհիշյալ կարծիքը Հայաստանի իշխանություններին են փոխանցել հուլիսի 19-ին:

XS
SM
MD
LG