Մատչելիության հղումներ

ԲՀԿ խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Մարտիրոսյանին և Սանասարյանին


ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան, արխիվ
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունը հայտնում է, որ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը, վարչության ղեկավարությունը արգելել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանին օգտվել պատգամավորական իրենց իրավունքից և տեսակցել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին։

«Կրկին ուզում ենք արձանագրել, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի արգելումը օրենքի կոպտագույն խախտում է», - ասված է ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

ԲՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ կուսակցության «պատգամավորներին էր դիմել զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի մայրը՝ ներկայացնելով փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների, մասնավորապես, խիստ վտանգավոր՝ շաքարային դիաբետի մասով, սակայն ԲՀԿ պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել նաև նշյալ հիվանդ կալանավորի հետ»։

«Նաիրա Զոհրաբյանը դիմել է օմբուդսմենին՝ Տիգրան Մարգարյանի մասով, Արման Թաթոյանը խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել Տիգրան Մարգարյանի հիվանդությունների մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, և այս պահին երիտասարդ կալանավորի մայրը օմբուդսմենի գրասենյակում է։ Մենք հետամուտ ենք լինելու, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի անօրինական արգելանքը հանվի և պատգամավորները, ինչպես եղել է նախկին բոլոր դեպքերում, անարգել կարողանան իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները», - ասված է հաղորդգրությունում։

Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիօթ Սանասարյանը ձերբակալվել են հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ապա երկու ամսով կալանավորվեցին։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG