Մատչելիության հղումներ

Մարտիրոսյանը, Խուրշուդյանը, Սանասարյանը և Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեցին


Այսօր վաղ առավոտյան ժամը 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին և կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Կալանավորվել է նաև «Նոր Հայաստան» շարժման անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։

Նրանք մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Կալանավորվածների փաստաբանները պատմեցին, որ դատական նիստերը մոտ 7-ից 8 ժամ են տևել, փորձել են խնդրել, որ նիստը հետաձգվի, սակայն դատարանը պնդել է, որ գործը անհապաղ է։

Դատարանի դահլիճում, ըստ Գիվի Հովհաննիսյանի, վատացել է Արմեն Մարտիրոսյանի ինքնազգացողությունը, շտապօգնություն է եկել, բայց, ըստ փաստաբանի, նիստը շարունակվել է։

«Շտապօգնության բրիգադը, որ եկավ, բժիշկները ևս արձանագրեցին, որ իրեն ներարկել են դեղորայք, և արձանագրեցին, որ մարդը հանգստի կարիք ունի, լավ կլինի, որ հանգստանա, դեղորայքն էլ մի քիչ թմրեցնող էր, Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ քնել էր դահլիճում։ Եվ դատավորին միջնորդում ենք, որ արդյունավետ պաշտպանություն չենք կարողանում իրականացնել, չենք կարողանում մարդուն խորհուրդներ տանք», - ասաց փաստաբանը։

Ըստ Հովհաննիսյանի և մյուս կալանավորվածների փաստաբանների, մեղադրական որոշումները կառուցված են եղել մի քանի ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ իրենց փաստարկները, տեսանյութերը, փաստաբանների խոսքով, դատարանի որոշման վրա չեն ազդել։

«Չէ, ապացույց չկա, ոստիկանների մի երկու ցուցմունքների հիման վրա էր, բայց տեսանյութին ակնհայտ հակասում էր։ Տեսանյութում ակնհայտ հիմնավորվեց, որ նման հորդորներ չեն եղել, ժողովուրդը, հանրահավաքը խաղաղ է եղել, նույնիսկ ոստիկանների ցուցմունքը, որ մեկը մյուսին հակասում էր, հակասում էր նաև մեղադրանքի որոշմանը», - ասաց Հովհաննիսյանը։

Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանն իր հերթին պատմեց, որ երբ իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել այս հոդվածով, այդ ժամանակ անգամ որպես վկա ներգրավված ոստիկանները չէին հարցաքննվել։

«Ձերբակալման արձանագրության ընդհանրական մտքերը հետագայում մեկ օր անց փորձել են ոստիկանության ցուցմունքով իբր ամրացնել, երկու ոստիկաններ ցուցմունք են տվել, թե իբր տեսել են Խուրշուդյանին Սարի թաղում, բայց չեն կարող ասել, թե որ փողոցում, որտեղ, որ պահին, ինչ դիրքում։ Ասել են, որ քար է շպրտել ոստիկանի վրա», - «Ազատության հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Դատարանի որոշումները փաստաբանները բողոքարկելու են, պատրաստվում են գործերը հասցնել մինչև Եվրոպական դատարան։

«Ակնհայտ ապօրինի ու անհիմն որոշումը բողոքարկվելու է Հայաստանի վերաքննիչ քրեական դատարան», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ շարունակելով. - «Դատական համակարգի բարեփոխման առասպելը չի դիմանում առաջին իսկ քննությանը»։

«Ժառանգության» ակտիվ անդամներին կալանավորելը ընդդիմադիր կուսակցությունում քաղաքական որոշում են համարում։ Կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նրանց «պատանդ» են համարում, իսկ նպատակը «քաղաքական գործունեությանը խոչընդոտելն է»։

«Որպեսզի քաղաքական դաշտում հնարավորություն չլինի գործել։ Տեսեք, այս բռնակալ ռեժիմն ամբողջությամբ հոշոտել է քաղաքական դաշտը, և բոլոր քաղաքական հայտերը հենց տեղում նրանք փորձում են խեղդել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոստանջյանը փոխանցեց, որ այսօր փորձել է տեսակցել Հովսեփ Խուրշուդյանին, մինչդեռ իրեն տեղեկացրել են, որ դա արգելված է։ Նա ասաց, որ երեկոյան կփորձի այցելել մյուս կալանավորվածներին։ Փոստանջյանը վստահեցրեց, որ կուսակցությունն ամեն ինչ անելու է իր անդամներին ազատ արձակելու համար։

XS
SM
MD
LG