Մատչելիության հղումներ

Փաստաբանները բողոքարկել են «Ժառանգության» և «Ոտքի Հայաստանի» անդամների կալանավորման որոշումները


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ելույթ է ունենում Խորենացու փողոցում: 23-ը հուլիսի, 2016 թ․

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ելույթ է ունենում Խորենացու փողոցում: 23-ը հուլիսի, 2016 թ․

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբանները նրանց կալանավորման որոշումը բողոքարկող դիմում են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Քաղաքական գործիչներին ձերբակալել էին հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

«Ժառանգություն» կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի պնդմամբ՝ իրավապահներն իր պաշտպանյալի դեմ որոշիչ ապացույցներ չեն ներկայացրել․ - «Ամսի 30-ին, երբ որ անձին ձերբակալել էին, այդ օրը ընդհանրապես որևէ ապացույց չեն ունեցել, անգամ իրենց «ստեղծած» ապացույցը: Ոստիկանությունը 31-ի երեկոյան ա նոր սկսել կոնկրետ իմ պաշտպանյալի վրա ցուցմունքներ գրել: Դատարանն էլ գիտեր, թե ինչ ա կատարվել․ էնպես չի, որ անիրազեկված էին, թե փողոցներում ինչպես են ծեծի ենթարկել և հետապնդման ենթարկել քաղաքական գործիչներին, և որևէ քարով խփելու կամ ինչ-որ գործողություն անելու կապակցությամբ արհեստածին մեղադրանքներին հավատալու հիմքեր չեն ունեցել: Սակայն կալանավորումները տվեցին շատ հեշտ, շատ հանգիստ, 37 թվի կանոններով, առանց դատական նիստերին լուրջ նշանակություն տալու, առանց մեր փաստարկումները բարեխղճորեն լսելու»:

Սաֆարյանի խոսքով, եթե Վերաքննիչ դատարանը բողոքը մերժի, իրենք Եվրոպական դատարան են դիմելու։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գարիկ Մալխասյանի խոսքով, իրենք ևս պայքարում են Մարտիրոսյանին կալանավայրից դուրս բերելու համար։

Արմեն Մարտիրոսյանի քույրը՝ Աննա Մարտիրոսյանը ազատության փոխանցեց, որձերբակալվելուց հետո հարազատները նրան չեն կարողացել տեսակցել․ - «Չենք խոսել ոչ մեկս: Ո՚չ ընտանիքի անդամներին, ո՛չ, երևի արդեն գիտեք, պատգամավորներին չեն թույլատրում: Միայն փաստաբանն է հետը շփվում: Եվ տեղեկություն ստանում ենք, Նուբարաշեն բանտում հոգեբանի ծառայություն կա, իրենք են զանգում, ինչ-որ բաներ փոխանցում: Արմեն աղջկա ծննդյան օրն էր, զանգեց հոգեբանը Արմենի անունից շնորհավորեց»:

Աննա Մարտիրոսյանը եղբորն առաջադրած մեղադրանքն անհեթեթ է համարում․ - «Ես միշտ եմ տեսել, թե ինչպես է ինքը ամեն ինչ անում, որ երբևէ բախում չառաջանա: Դա իր բազմամյա կուսակցական փորձն է ցույց տալիս․ ցանկացած նման իրավիճակում միշտ խուսափում է ինքը բռնկումներից, և եթե ինչ-որ բան է լինում, հարվածը միշտ իր վրա է վերցնում: Միանշանակ ես էդ մեղադրանքը չեմ ընդունում: Ես հասկանում եմ, որ սա միայն քաղաքական հետապնդում է․․․ Արմենը մոտեցավ ցուցարարներին, ցուցարարները քարեր հավաքեցին․․․ անհեթեթություն է ուղղակի․․․ որ Արմենը որևէ մեկին ասի, որ ոստիկանի վրա ինչ-որ բան նետի: Էնպես որ, միայն կարող եմ բարկանալ, հուզվել, որովհետև անհեթեթությունն էլ չափ ու սահման ունի»:

Վերաքննիչ դատարանն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի։

Սանասարյանի ու Մարտիրոսյանի գործով դատախազություն է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Մինչ այդ գործիչներին ազատ արձակելու համար ստորագրահավաք է կազմակերպվել, սոցիալական ցանցերում նրանց սատարող էջեր են ստեղծվել։ Ակտիվիստները բարձրաձայնում են Դավիթ Սանասարյանի ու Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին։

«Անհապաղ ազատ արձակում Դավիթ Սանասարյանին» նախաձեռնության անդամ Նաիրիա Միրզոյանի խոսքով, Սանասարյանը գործն այսօր չորս միջազգային կազմակրեպությունների է ուղարկվելու․ - «Ամսի 30-ից սկսած մենք տեղեկություն ունենք, որ ինքը խնդիրներ ունի լուրջ առողջական՝ երիկամների հետ կապված․․․ Քանի որ Դավիթը առողջական խնդիրներ ուներ, մենք նրա գործը ընդունեցինք հիմք որպես առաջինը: Հետո կանցնենք Հովսեփի, Արմենի, Արդիասի գործերին: Մեր բոլոր նամակների մեջ չորսի անուններն էլ պարտադիր նշվում են, քանի որ նրանց ընդունում ենք որպես խաղաղ ցուցարարներ, մարդիկ, ովքեր այդ օրը կանգնել են որպես պատ երկու կողմերի միջև՝ արյունահեղություն թույլ չտալու համար»:

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի խոսքով, թեև ամուսնինն արդեն ութերորդ օրն է հացադուլի մեջ է, սակայն լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվող տեղեկությունը, թե նրա վիճակն օր-օրի վատանում է, իրականությանը չի համապատասխանում․ - «Այսօր խոսել նրա մասին, որ իր առողջականը վատ է, դա պրովոկացիա է միանշանակ․․․ Բավականին լավ է իրեն զգում: Փաստաբանի խոսքերով, շատ կարդում է, գրում է, աշխատում է: Եվ չմոռանանք հիմնական թեզը՝ ինչի է ինքը հայտարարել հացադուլ․․․ Հացադուլը հայտարարված է [կապված] ոչ թե իրեն դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու, այլ սահմանադրական կարգերը Հայաստանում տապալելու հետ»:

XS
SM
MD
LG