Մատչելիության հղումներ

«Բարև Երևան»-ը պահանջում է ՀՔԾ-ից` ազատ արձակել Մարտիրոսյանին և Սանասարյանին


Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն այսօր նամակով դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին։

Նամակում մասնավորապես ասված է. - «Երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեության համար շատ արժեքավոր է»:

Խմբակցությունը նշում է, որ հետևելով Մարտիրոսյանի և Սանասարյանի փաստաբանների հիմնավորումներին, համոզված է, որ «նրանց նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում՝ իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է»:

«Պահանջում ենք շուտափույթ ազատ արձակել մեր ընկերներին: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ դուք խոչընդոտում եք մեր քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացմանը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է: Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել երևանցիների ընտրությունն ու շուտափույթ ազատ արձակել Երևանի ավագանու անդամներ Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին», - ասված է նամակում։

«Բարև Երևան»-ը տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան խմբակցության» անդամներ Թամարա Պողոսյանն ու Արմինե Գյուլազյանը միացել են սույն պահանջին:

XS
SM
MD
LG