Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն անհամաչափ են համարում հատուկ միջոցների կիրառումը


Amrenia - Protesters are dispersed by riot police in Yerevan's Sari Tagh neighborhood, 29Jul2016.

Amrenia - Protesters are dispersed by riot police in Yerevan's Sari Tagh neighborhood, 29Jul2016.

Իրավապաշտպաններն անհամաչափ են համարում հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանության կողմից բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը:

Հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ ոստիկանության պաշտոնական փաստաթղթերում առանձին դրույթներ կան, որոնք, ըստ իրավապաշտպանների, Սարի թաղում հուլիսի 29-ի բողոքի ակցիայի ժամանակ մնացին թղթի վրա։

Ըստ 2011-ին հաստատված «Հատուկ միջոցների կիրառման մասին» ուղեցույցի, դրանք կիրառվում են ծայրահեղ դեպքերում, այլ ոչ թե խաղաղ ակցիաների ժամանակ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ոստիկանության այդ օրվա գործողությունները Սարի Թաղում գնահատում է անհամաչափ․ - «Անտեղի, չարդարացված ուժի կիրառում էր: Երբ որ քո երկրի քաղաքացիները դուրս են եկել քո դեմ բողոքի, խաղաղ ցույց է տեղի ունենում, խաղաղ բողոք․ չկա զենք, չկա մահակ, որևէ այլ բան ակնհայտ երևում է, որ չկա: Ցույցի կազմակերպիչները կամ ցույցը ուղղորդողները հրապարակավ հայտարարում են, որ ցույցը խաղաղ է, որ ցույցը տարերային է․․․ և դու հանձնարարում ես քո երկրի ոստիկանությանը ցուցադրաբար կիրառել այդ խաղաղ ցույցի նկատմամբ հատուկ միջոցներ, մահակներ, տարատեսակ զենք, դա խոսում է այն մասին, որ դու արդեն հասկացել ես, որ դու այս երկրում այլ կերպ մնալ չես կարող, արդեն հասկացել ես, որ դու միայն զենքով և ուժով կարող ես մնալ, և ցուցադրում ես քո զենքն ու ուժը»:

«Խոսում է ոստիկանությունը: Դադարեցրե՛ք զանգվածային անկարգությունը և հեռացե՛ք տարածքից, այլապես կգործադրվեն հատուկ միջոցներ»․ համաձայն ուղեցույցի, հենց այս տեքստով ոստիկանությունը պետք է դիմի ցուցարարներին գործողություն սկսելուց առաջ։

«Նման հայտարարություն այդ օրը, սակայն, չի եղել», - հիշում է իրավապաշտպան, լրագրող Լևոն Բարսեղյանը։ - «Հրապարակային հայտարարություն, որ՝ մենք կիրառելու ենք հատուկ միջոցներ, մեգաֆոնով կամ բարձրախոսով, ես չեմ հիշում, չեմ լսել: Տեսագրությունների մեջ մի քանի ուղիղ եթերներ կան, չեմ նկատել նման որևէ հայտարարություն»:

Այդ օրը, երբ «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցող ցույցի մասնակիցները երթով հասան Սարի թաղ, Հայաստանի փոխոստիկանապետի և Երևանի ոստիկանապետի հետ փորձում էին բանակցություններ վարել Լևոն Բարսեղյանը, «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը։ Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի կողմից պատգամավոր Զարոհի Փոստանջյանին վիրավորելուց րոպեներ անց, սակայն, լսվեցին կրակոցներ՝ ոստիկանությունը գործի դրեց հատուկ միջոցները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, վկայակոչելով «Ոստիկանության մասին» օրենքը և հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ ոստիկանության ուղեցույցը, ասաց, որ ոստիկանությունը խաղաղ հավաքի ժամանակ հատուկ միջոցների, այդ թվում լուսաձայնային նռնակների օգնությանը պետք է դիմի բացառապես այն դեպքում, երբ զանգվածային անկարգություններ կան և դրանք դառնում են անվերահսկելի, ու առանց հատուկ միջոցների հնարավոր չէ կանխել․ - «Նրանք ընկած քաղաքացիներին էին վնաս տալիս։ Մուտք էին գործում բնակարանները: Եվ այդ վայրագությունները, որ կատարել են, եղել են անհամաչափ՝ խաղաղ հավաքի բնույթի հետ կապված»:

Թե՛ Սարի թաղի դեպքերի ականատեսները և թե՛ տեսագրությունները վկայում են, որ հատուկ միջոցների կիրառումից առաջ քաղաքացիական հագուստով անձինք քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։ «Եվ ոստիկանությունը նրանց սաստելու փոխարեն, իր ուժն ուղղում է խաղաղ ցուցարաների վրա», - հիշում է Լևոն Բարսեղյանը։ - «Հարձակումը, էդ միջոցների կիրառումը, տների վրա գցելը, բակերում գցելը, վառելը և այլն, էդ բոլոր բռնությունները՝ գումարած քաղաքացիական հագուստով կենդանիների հարձակումը եղել է ոստիկանության հարձակման հրամանի հետ մեկտեղ»:

Արթուր Սաքունցը շեշտեց, որ, ըստ ոստիկանության պաշտոնական փաստաթղթերի, հատուկ միջոցները չպետք է գործածվեն անչափահասների նկատմամբ և չպետք է ծանր վնասվածքներ հասցնեն։ Մինչդեռ հատուկ միջոցների կիրառման հետևանքով հուլիսի 29-ին առնվազն երկու քաղաքացի ծանր վիրավորվել է, այդ թվում՝ աչքը կորցրած ցույցին չմասնակցող 17-ամյա պատանին։ Այդ օրը այրվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել ավելի քան 60 քաղաքացի։

«Ուղեցույցը հստակ ասում է՝ հաշվի առնել, որ հնարավորինս քիչ վնասներ հասցվի, որովհետև այդ հատուկ միջոցներից կարող են մարդիկ վնասվել», - հավելեց Սաքունցը:

Իրավապաշտպանները հիշում են 8 տարի առաջ Մարտի 1-ի բողոքի ակցիաների ժամանակ գործադրված և երեք մարդու մահվան պատճառ դարձած հատուկ միջոցների կիրառման դեպքերը:

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեց, որ օգտագործված հատուկ միջոցների ցանկը կհրապարակեն մինչև օգոստոսի 13-ը՝ ոստիկանությունում սկսված ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա:

«Ինչ վերաբերում է ուժի գործադրման հիմքերի, պայմանների, սահմանների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների գործողությունների և անձանց առողջությանը հասցված վնասի պատճառականության հարցերին, ապա դրանք կարող են պարզվել միայն օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքներով», - հավելեց Ահարոնյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը իրավապահների կողմից օբյեկտիվ քննություն չի ակնկալում․ - «Բոլորը գիտեն: Ես վստահորեն կարող եմ ասել, որ և՛ միջազգային կառույցներն են անդրադառնալու, և՛ տարբեր երկրների դիվանագիտական կորպուսներն են անդրադառնալու և դատապարտելու են այս քայլերը: Այսինքն միայն Հայաստանի իշխանություններն են համարելու, որ իրենք արել են ճիշտ»:

XS
SM
MD
LG