Մատչելիության հղումներ

Տուժած լրագրողները վստահ են՝ իրենց հատուկ թիրախավորել են


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ոստիկանական ուժերն ինքնագլուխ չեն գործել, այլ կատարել են իշխող վերնախավի հրահանգը:

Ընդհանուր առմամբ 14 լրագրող է տուժել անցած գիշեր Սարի թաղում և Խորենացի փողոցում ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով։ Նրանցից ոմանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժած լրագրողների թվում են նաև «Ազատություն»-ից Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը։ Նրանցից հիվանդանոց էր տեղափոխվել միայն Հովհաննես Մովսիսյանը, ով արդեն դուրս է գրվել այնտեղից։

Այսօր առավոտյան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվեցին ռուսական Lifenews-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը և Ա1+ -ի լրագրող Ռոբերտ Անանյանը։ Ռոբերտի կարծիքով՝ Սարի թաղում ոստիկանների գործողությունները թիրախավորված էին: «Ուժ և հատուկ միջոցներ գործադրող ոստիկանները լրագրողներին հորդորում էին այլ տարածք տեղափոխվել, բայց, փաստորեն, թիրախ ընտրեցին նաև մեզ: Պայթյունների կիզակետը հենց այն տարածքն էր, որտեղ առանձնացել էին լրագրողները, ուզում էին հավաքել ու չեզոքացնել, լրագրողները թիրախավորված էին»,- պատմում է Ռոբերտ Անանյանը։

Նռնակի պայթյունի բեկորներից վնասվել են նրա ոտքերը, կապտուկ կա ձախ թևի վրա։ Հիշում է՝ երբ փորձում էին փախչել ու պատսպարվել մեկը մյուսին հաջորդող պայթյուններից, օգնության են հասել Սարի թաղի բնակիչներն ու արդեն վիրավոր լրագրողին առաջարկել՝ տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին, սակայն, ոստիկանները կանգնեցրել են մեքենան ու ծեծել թե՛ Ռոբերտին ու նրա օպերատորին, թե՛ լրագրողներին օգնության հասած քաղաքացիներին, վերջիններիս անգամ բերման են ենթարկել։

«Մենքենան կանգնեց, ոստիկանները մոտ 15-20 հոգով հարձակվեցին մեքենայի վրա, բռնի ուժով դուրս շպրտեցին ինձ ու օպերատորին: Չնայած նշեցինք, որ լրագրող ենք, վեքեր էլ ունենք, ցանկություն չունեին տեսնելու, կատարում էին մեկ գործողություն, իսկ կողքի այլ հանգամանքերն իրենց համար չհետաքրքող հարցեր էին»,- վերհիշում է լրագրողը։

Ռոբերտի հետ նույն հիվանդասենյակում պառկած` Lifenews-ի օպերատոր Տիգրան Գասպարյանի տեսախցիկն էլ դեպքի վայրից անհետացել է։ «Մինչև գնում էիք այդ վայրը, հատուկ միջոցները տրաքեցին։ Մեկը տրաքեց ինձ վրա, ու մինչև պատսպարվում էինք՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը: Հետո զգացի, որ չեմ կարող քայլել»,- վերհիշում է Տիգրան Գասպարյանը։

Ոստիկանների գործողություններից տուժել են նաև 1in.am-ի լրագրողներ Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը։ Մարիամ Գրիգորյանը պատմում է՝ «Երբ ասացին՝ 5 րոպե ժամանակ ենք տալիս, հատուկ գործողություն ենք իրականացնելու, այդ պայթուցիկներից մեկը կպավ ոտքիս»:

Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ «լրագրողների աշխատանքը խոչընդոտելու» դեպքով քրեական գործ է հարուցվել: Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Մինչդեռ, լրագրողական կազմակերպություններն այսօր տարածած հայտարարությունում նշում են, որ անիմաստ են համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և «իրենց իրավունք են վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ իրենց հայտարարություններն ու հորդորներն առ այսօր անպատասխան են մնացել, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։ «Այդ նպատակաուղղված գործողություններն արդեն ակնհայտ են, և ես կարծում եմ, որ ոստիկանական ուժերն ինքնագլուխ չեն անում, դա ուղիղ հրահանգ է կամ, համենայն դեպս, դա շատ դուր է գալիս նաև իշխող քաղաքական վերնախավին: Եվ այս պարագայում ուղղակի անելանելի վիճակ է ստեղծվում լրագրողների և լրատվամիջոցների համար»,- ասում է Մելիքյանը։

11 լրագրողական կազմակերպություններն իրենց համատեղ հայտարարության մեջ շեշտում են՝ հաշվի առնելով անցյալի փորձը, երբ այդպես էլ չբացահայտվեցին լրագորղի վրա ձեռք բարձրացրած անձինք, որևէ ակնկալիք չունեն՝ մեղավորներին պատժելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG