Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Սաքունցի պնդմամբ, հենց ոստիկանների գործողություններին էին քաղաքացիների կյանքի համար վտանգավոր:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցներում 22 տուժած քաղաքացի է մնում, 51 տուժածներն արդեն դուրս են գրվել, հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ այսօր երեք հիվանդ է դուրս գրվել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

Ըստ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանի, Սարի թաղի դեպքերից հետո հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը դուրս է գրվել, հիմնականում թեթև բեկորային վնասվածքներ են ստացել՝ հավանաբար լուսաձայնային նռնակների պատճառով․ - «Այրվածքը մի հոգի է ընդամենը: Էդ շումավոյ գրանատները, որ գցում են, դրանից բեկորներ են, ասֆալտի կտորներով խփած բաներ էին»:

Որքանո՞վ էին իրավաչափ ոստիկանների գործողությունները հուլիսի 29-ին Սարի թաղում, ինչի հետևանքով էլ հիվանդանոցները լցվեցին նոր վիրավորներով, այդ թվում՝ մի անչափահաս կորցրեց աչքը: Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանն ասում է ՝ քննությունը կպարզի:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը թերահավատ է․ եթե քննություն իրոք կատարվեր, ապա դեռ անցած տարի «Էլեկտրիկ Երևան»-ը կոպտորեն ցրած ոստիկանները, այդ թվում և՝ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, պետք է արդեն աշխատանքից հեռացված և պատասխանատվության ենթարկված լինեին:

«Եթե քննություն կատարվեր, ապա Լյովա Երանոսյանը՝ ներքին զորքերի հրամանատարը, մեկ տարուց ավելի արդեն պաշտոնում չպետք է գտնվեր և պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության: Այնպես որ, քննության մասին այդ հաղորդումները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն, ավելի շատ ջուր ծեծոց է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի՝ ոստիկանական գործողությունը Սարի թաղում իրավաչափ չի կարելի համարել: Հատուկ միջոցները կիրառվեցին այն բանից հետո, երբ մի խումբ սկսեց քարեր նետել, սակայն այդ խմբի անդամներին մեկուսացնելու փոխարեն, ոստիկանությունն իր կոշտ գործողություններն ուղղեց խաղաղ հավաքի մասնակիցների դեմ:

«Իրենք կիրառեցին այդ հատուկ միջոցները բնակիչների նկատմամբ, առանձին ականատեսների և տուժածների վկայությունները հիմք են տալիս պնդելու, որ երեխաներ են տուժել նաև այդ հատուկ միջոցների կիրառումից, որոնք գտնվել են տանը: Նման գործելակերպը բացարձակապես ոչ համաչափ էր և ավելի շատ ուներ վախեցնելու, բռնություն գործադրելու միտում, այդ թվում նաև՝ լրագրողների նկատմամբ: Լրագրողներն էլ էին հրահրողնե՞ր: Պնդում եմ, որ ոստիկանների գործողություններն էին հանդիսանում քաղաքացիների կյանքին վտանգ հասցնող գործողություններ», - ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ 8 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիներից երեքը մահացան «Չերյոմուխա 7» տիպի հատուկ միջոցից: Դրանից հետո, թեև հատուկ միջոցների կիրառման նոր կարգ սահմանվեց, սակայն գործնականում որևէ բան չի փոխվել:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ ոստիկանությունը բացարձակապես որևէ դաս չէր քաղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից: Ավելին՝ հերթական անգամ ցույց տվեց, որ որևէ ծրագիր բարեփոխման և այլն գոլորշիանում է, հօդս է ցնդում, երբ կա քաղաքական հրաման, որը ավելի գերակա նշանակություն ունի, քան, ասենք, իրավական նորմերը», - պնդեց Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտ է դառնում այն անհամաչափությունը, որով զարգացել են բանակն ու ոստիկանությունը: Զինվորի փոխարեն, Հայաստանի իշխանությունները ոստիկանին են ուշադրության կենտրոնում պահում:

XS
SM
MD
LG