Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հերքեց տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր բերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում:

«Լավրովը տենց բաներ չի բերել», - հավաստիացրեց Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության նախագահը Հայաստանում քննարկել է ՀԱՊԿ-ի հարցերը:

Հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցավ Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, և այդ նպատակով Հայաստան էր ժամանել նաև Ռուսաստանի արտգործնախարարը:

Նույն օրը կայացավ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը, որի ժամանակ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդման, քննարկվել են «ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»:

Երևանից Լավրովի մեկնելուց հետո մոսկովյան «Իզվեստիա» պարբերականը գրեց, թե Հայաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ոչ պաշտոնապես քննարկել է ղարաբաղյան հարցը, և, ինչպես պարբերականին փոխանցել էին դիվանագիտական աղբյուրները, Կրեմլի միջնորդությամբ ընթացող ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում: Ըստ «Իզվեստիա»-ի, ռուսական ծրագիրը նաև նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում, և որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման վրա:

Այսօր հայտնի դարձավ, որ Երևան այցելելուց մեկ շաբաթ անց Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում Լավրովը քննարկելու է նաև ղարաբաղյան հարցը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Մոսկվան շտապում է ղարաբաղյան կարգավորման գործում առնվազն երկու պատճառով․ նախ մտահոգված է հետխորհրդային երկրներում ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների սպասվող նոր ակտիվացմամբ և ակնհայտորեն ցանկանում է Ադրբեջանին ներգրավել ռուսական տարբեր կառույցներում՝ ԵՏՄ, ՀԱՊԿ․ - «Պատահական չէ, որ արդեն մեկ տարուց ավելի է, Ռուսաստանը Կովկասում է՛լ ավելի է ակտիվացրել իր գործողությունները՝ մի կողմից, Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր առումներով սահմանափակելու համար, մյուս կողմից՝ Ադրբեջանին իր հովանոցի տակ պահելու և կանխելու նրա հետագա հարաբերությունների խորացումը և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության, և՛ մնացյալի հետ»:

Ըստ վերլուծաբանի, իր նպատակին հասնելու համար Մոսկվան շարունակում է ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ ձգտելով զիջումներ կորզել ղարաբաղյան հարցում: Մյուս կողմից, Կրեմլը շտապեց կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ դարձյալ, սահմանափակելու արևմտյան ազդեցության նոր հնարավոր մեծացումը նաև Հարավային Կովկասում:

XS
SM
MD
LG