Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ-ը իր հռչակագրում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը


ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը Թբիլիսիում, 1-ը հուլիսի, 2016թ․

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը Թբիլիսիում, 1-ը հուլիսի, 2016թ․

Հուլիսի 1-5-ը Թբիլիսում անցկացված նստաշրջանի վերջին օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) ընդունեց հիմնական փաստաթուղթը՝ Վեհաժողովի հռչակագիրը, որտեղ անդրադարձ կա նաև ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Թբիլիսյան հռչակագրում Վեհաժողովը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական սրացման կապակցությամբ և ողջունում է ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը՝ փնտրելու ԵԱՀԿ տարածքի ձգձգված հակամարտությունների քաղաքական լուծումը առկա ձևաչափերի և մեխանիզմների շրջանակներում՝ հիմնված բանակցությունների վրա:

Խորհրդարանականներին կոչ է արվում տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերին համոզելու քաղաքական կամք ցուցաբերել, լուրջ քայլեր կատարել՝ հասնելու համար վստահության ամրապնդման միջոցների համաձայնությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելու նպատակով, և Մինսկի խմբի շրջանակում համաձայնեցնելու կարգավորման համապարփակ պայմանագիրը:

Հակամարտությունների պատճառով իրենց մշտական բնակության վայրերը լքած ներքին տեղահանվածների և փախստականների խնդիրները լուծելու նպատակով կոչ է արվում ավելի վճռական քաղաքական կամք դրսևորել, ավելի օպերատիվ կատարել ստորագրված համաձայնագրերը: Վեհաժողովը վերահաստատում է հակամարտությունների պատճառով իրենց մշտական բնակության վայրերը լքած Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների անվերապահ իրավունքը՝ անվտանգ ու արժանապատվորեն վերադառնալու իրենց տները:

Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ ԵԱՀԿ անդամ մի քանի պետությունների տարածքում պահպանվում են ձգձգված հակամարտությունները, համարում է, որ այդ հակամարտությունները խարխլում են տվյալ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը, բարդացնում տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը:

Փաստաթուղթն ընդգծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ կարգավորելու համար ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունները խաղաղ ճանապարհով, բանակցային հենքի վրա, ձեռնապահ մնալով ուժի սպառնալիքներից կամ կիրառումից, ամբողջովին հարգելով անդամ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և անշեղորեն պահպանելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզափակիչ ակտի դրույթները:

Հռչակագրում խորը մտահագություն է արտահայտվում Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ: Վեհաժողովը բոլոր կողմերին հետևողականորեն կոչ է անում իրականացնել Մինսկի համաձայնությունները, ինչն անհրաժեշտ փուլ է Ուկրաինայում և նրա շուրջ ճգնաժամը խաղաղ կարգավորելու համար: Փաստաթղթում մտահոգություն է արտահայտվում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտասահմանյան կանոնավոր զորքերի առկայության կապակցությամբ և կոչ է արվում դրանք դուրս բերել: Ռուսաստանին Վեհաժողովը կոչ է անում հրաժարվել ագրեսիվ գործելաոճից և չեղարկել Ղրիմը անօրինականորեն զավթելու որոշումը:

ԵԱՀԿ ԽՎ-ը ընդգծում է Վրաստանի հակամարտությունների կարգավորման գործընթացում ԵԱՀԿ դերը ակտիվացնելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ժնևյան միջազգային երկխոսության շրջանակում:

Մերձդնեստրի վերաբերյալ, Վեհաժողովը նորից հայտնում է իր բացարձակ աջակցությունը Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության արդարացի և կենսունակ կարգավորմանը՝ հատուկ կարգավիճակ տալով Մերձդնեստրին:

Հռչակագիրը վերահաստատում է, որ յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձեռնապահ մնալ պատերազմ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելություն քարոզելուց, մասնակից երկրներին և գործընկերներին կոչ է անում ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և միջոցներ մշակել՝ կանխելու ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, ավելի սերտորեն համագործակցել՝ լուծելու թրաֆիքինգի խնդիրները:

XS
SM
MD
LG