Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի փորձագետը արտառոց ոչինչ չի տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «ակտիվության մեջ»


«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, արխիվ:

«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, արխիվ:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:

Ամեն ամիս ակնկալվող ու անցնող բարձր մակարդակով երկկողմ հանդիպումները Կոլերովը կապում է ապրիլյան քառօրյա պատերազմի հետ․ - «Սարսափելի բան էր տեղի ունեցել՝ ապրիլյան պատերազմը, և այդ աղետի ազդեցությունը գոնե սահմանափակելու համար էլ կազմակերպվում են այդ հանդիպումները: Ես չեմ կարծում, որ հանդիպումների այս ինտենսիվությունը կապված է մինչև տարեվերջ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու հետ»:

Վերջին զարգացումների շարքում ամենահետաքրքիրը, Կոլերովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումն էր․ - «Սա իսկապես սենսացիա է: Սա վերջին տարվա գործընթացների արդյունքն է, այն պայքարի արդյունքը, որին չկարողացավ խանգարել նույնիսկ ապրիլյան պատերազմը»:

Հակադարձելով տարածված կարծիքին, թե ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը ամրապնդել է իր դիրքերը բանակցություններում՝ Կոլերովն ասաց․ - «Այն, որ այսօր կա պայմանավորվածություն, որպեսզի Ղարաբաղում լինի դիտորդների ուժեղացված խումբ, որը ապագայում կվերածվի խաղաղապահների կորիզի, Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն է»:

Փորձագետը դժվարացավ պատասխանեց հարցին, թե ինչ է խոստացվել Ալիևին պետերբուրգյան հանդիպման ժամանակ, և արդյոք արդեն գոյություն ունի ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտեզի իրագործման համաձայնեցված ժամանակացույց: Նշեց միայն, որ եթե նման պայմանավորվածություն լիներ, Բաքուն անպայման կբարձրաձայներ:

Պետերբուրգյան հանդիպումից հետո՝ հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը իբր համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ:

Պաշտոնական Մոսկվան և Երևանը հերքեցին Մամեդովի խոսքերը, իսկ միջազգային միջնորդները լռության կոչ արեցին՝ նշելով, որ այսօր ընթացող կարգավորման գործընթացը «լռության կարիք ունի»:

Ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, չնայած ինտենսիվ գործընթացին, ադրբեջանական կողմը նոր ռազմական գործողություններ է սկսելու․ - «Բաքուն սկսելու է նոր պատերազմ, և ամենահարմար ժամանակը մինչև եկող տարի հունվար ընկած ժամանակահատվածն է՝ նոյեմբերին Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված: Սեպտեմբերից մինչև հունվար Վաշինգտոնի ուշադրությունը հենց այդ ընտրությունների վրա է սևեռված լինելու»:

Հավելենք, որ այսօր Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթը «Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել» հոդվածում գրել է, թե Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ակտիվ փուլում է՝ առանց ավելորդ շտապողականության․ - «Ռուսաստանյան կողմը հասկանում է, որ բոլոր կողմերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, պետք է հնարավորինս անցավ դուրս գան այդ գործընթացից»:

Ըստ «Իզվեստիա»-ի անանուն դիվանագիտական աղբյուրի, ղարաբաղյան կարգավորման ռուսաստանյան ծրագիրը նախատեսում է մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից:

Թերթը գրում է նաև, որ ռուս-թուրքական հաշտեցումը բարենպաստ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա:

Մոդեստ Կոլերովի կարծիքով, սակայն, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը որևէ ազդեցություն չի ունենալու ղարաբաղյան գործընթացի վրա:

XS
SM
MD
LG