Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարար․ Վիեննայում հետաքննության մեխանիզմի ստեղծման փաստաթուղթ է ներկայացվել


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի կարողությունների ընդլայնման և ղարաբաղյան շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ երկու առաջարկություն-փաստաթուղթ է ներկայացվել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Փաստաթղթերը ներկայացվել են և հիմա գնում է աշխատանք. ներկայացվել է փաստաթուղթ-նախագիծ՝ կապված Կասպշիկի թիմի կարողությունների ավելացման հետ, և նախնական փաստաթուղթ՝ կապված հետաքննության մեխանիզմի հետ։ Մնացածն արդեն կապված է կողմերից։ Այսօր համար մեկ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանան պարտադրել այն կողմին, որը հակված չէ այդ քայլերն իրականացնելու, որ դրանք իրականացնեն, հակառակ դեպքում, այդ կողմը, որն անընդհատ խոսում է ստատուս քվոյի փոփոխության մասին, իր քայլերով հենց նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը», - ասաց Քոչարյանը։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ներկայացվել է ԵԱՀԿ-ի կողմից, և յուրաքանչյուր փաստաթուղթը, ըստ Քոչարյանի, պետք է մանրամասն դիտարկվի ու համաձայնեցվի կողմերի հետ։ «Այստեղ խնդիրը ոչ այնքան փաստաթղթի դետալների մասին է, ինչքան կոնֆլիկտի բոլոր կողմերի սկզբունքային դիրքորոշման մասին է։ Մեր դիրքորոշումը նա է, որ դա անհրաժեշտ է», - ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ Քոչարյանն ասաց. - «Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը առ այն, որ պարզվում է, որ Վիեննայում իրենք համաձայն չեն եղել հետաքննության մեխանիզմներին, այսինքն՝ սա արդեն հստակ ցույց է տալիս, թե որն է իրենց նպատակը»։

Արտգործնախարարի տեղակալի խոսքով՝ դեռ 2011 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը փաստաթուղթ էին ստորագրել, ըստ որի պարտավորվել էին ղարաբաղյան շփման գծում հետաքննության մեխանիզմ ներդնել, սակայն երբ քննարկվել է ԵԱՀԿ 2012 թվականի բյուջեն, ուր համապատասխան գումար էր նախատեսված այդ մեխանիզմի ներդրման համար, Ադրբեջանը, սպառնալով, թե վետո կկիրառի ԵԱՀԿ բյուջեի վրա, կարողացել է դուրս թողնել նշված մեխանիզմի ֆինանսավորումը ԵԱՀԿ 2012 թվականի բյուջեից: Արդյունքում՝ հետաքննության մեխանիզմի ստեղծումը այդպես էլ մնացել է թղթի վրա:

«Մենք նորից վերադառնում ենք այդ նույն իրավիճակին։ Ավելի ասեմ՝ երրորդ անգամ ենք վերադառնում, որովհետև առաջին անգամ դա եղել է 1995 թվականի փետրվարին. ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ՝ Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան, կրակի ռեժիմի դադարեցման մասին, որտեղ հենց խոսվում է հետաքննության մեխանիզմի մասին։ Ադրբեջանը դա միտումնավոր է անում», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Դա հետևողական քաղաքականություն է, որն ուղղված է հենց նրան, որպեսզի չլինի կրակի ռեժիմի ամրապնդման մեխանիզմը, և դա շատ հստակ վկայում է մի բանի մասին՝ բանակցային գործընթացը Բաքուն օգտագործում է որպես քող, իրականում այլ նպատակներ հետապնդելով՝ տարածել իր ապատեղեկատվությունը, այդ նույն հարցը փորձել տեղափոխել տարբեր ֆորմատի մեջ և այդ ընթացքում նաև իր զինված ուժերը համալրել նոր տեխնիկայով, այն ակնկալիքով, որ նաև շրջափակման քաղաքականությունը, որը որ կա տնտեսական, կբերի նրան, որ Հայաստանն ու Ղարաբաղը կթուլանան և ինքը կկարողանան ռազմական ուժով դա լուծել։ Սակայն ապրիլն ապացուցեց, որ դա այդպես չի»։

Հայաստանի փոխարտգործնախարարը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները կարող են վերսկսվել միայն այն ժամանակ, երբ կյանքի կոչվեն այս մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Կասպշիկի թիմի կարողությունների ընդլայնում, շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծում և երաշխիք, որ ապրիլյան ռազմական գործողությունները չեն կրկնվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG