Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. Ղարաբաղի ադրբեջանական համայնք գոյություն չունի


Դավիթ Բաբայան, արխիվ

Դավիթ Բաբայան, արխիվ

Պաշտոնական Ստեփանակերտը մտադիր չէ բանակցել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ, որովհետև նման համայնք չի ճանաչում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Այդպիսի գաղափարներ մի շարք քաղաքական գործիչներ պարբերաբար հնչեցնում են, բայց մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնք, այդպիսի բան գոյություն չունի՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական տեսանկյունից։ Դրա համար նման հանդիպումը պարզապես անհնարին է, մենք ունենք պետություն, և Շտայնմայերը հանդիպել է հանրապետության նախագահի հետ, իսկ այդ ադրբեջանական համայնք կոչեցյալը պարզապես մարդկանց խումբ է, որը ստեղծվել է ինչ-որ քաղաքական շահարկումների համար՝ ադրբեջանական իշխանությունների կողմից», - ասաց Բաբայանը՝ հավելելով․ - «Նման կատեգորիա պարզապես գոյություն չունի։ Մենք չենք կարող հանդիպել գոյություն չունեցող կազմակերպության ներկայացուցիչների հետ»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց՝ եթե նման հայտարարություն Շտայնմայերն իրոք արել է, ապա դա սադրանք է՝ կազմակերպված Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում՝ ադրբեջանցի փախստականների հետ հանդիպմանը, իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական կողմի այդ առաջարկին, մասնավորապես՝ նշելով․ - «Մենք կձգտենք կազմակերպել նման հանդիպում»:

Երեկ Երևանում կայացել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում ղարաբաղյան կողմը բարձրացրել էր Ստեփանակերտի՝ բանակցություններին լիարժեք մասնակցության հարցը:

XS
SM
MD
LG