Մատչելիության հղումներ

«Կիպրոսի օֆշորի» գործով դատական նիստին միայն մեկ վկա էր ներկայացել


Վկա Պավել Սաֆարյանը դատարանի դահլիճում: 30-ը հունիսի, 2016 թ․

Վկա Պավել Սաֆարյանը դատարանի դահլիճում: 30-ը հունիսի, 2016 թ․

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Կիպրոսի օֆշորի» գործով հերթական դատական նիստը։

Քանի որ «Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Հանեսյանն ու հաճախորդների սպասարկման գծով տնօրեն Գագիկ Սահակյանը չէին ներկայացել, դատարանը հարցաքննեց ներկայացած միակ վկային՝ Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Պավել Հովակիմյանին։

Տուժող Փայլակ Հայրապետյանի փաստաբան Շալիկո Փիրուզյանը հիշեցրեց, որ փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալը մի քանի անգամ 10 միլիոն դոլարի վարկ է վերցրել «Ամերիա» բանկից ու դրանք փոխանցել հիմնականում Կիպրոսում գրանցված ընկերությունների հաշվեհամարներին։ Վկային հարցրեց՝ արդյոք Կենտրոնական բանկը ստուգումների ընթացքում «Ամերիա» բանկի գործողությունների մեջ խախտումներ չի նկատել։

«Քանի որ մենք վերջնական նպատակը տեսնելու հնարավորություն չենք ունեցել, մենք հիմնվել ենք բանկի մոնիտորինգների և առկա տեղեկատվության հիման վրա: Բանկի կողմից նշված գումարների օգտագործումը դիտվել է նպատակային», - պատասխանեց Հովակիմյանը:

Դատավորը նկատեց, որ վարկն օգտագործելու նպատակն այնպես է ձևակերպվել, որ ցանկացած գործունեություն էլ դրա շրջանակներում տեղավորվել է։

Հայրապետյանը նախկինում հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է Աշոտ Սուքիասյանի անունով։ Նա պնդում է, որ ստացված գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցվել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Ամբաստանյալ Սուքիասյանը հերքում է օֆշորում գրանցված ընկերությունների միջոցով փողերի լվացման՝ իրեն վերագրվող արարքը։ Ասում է՝ իրականում ինքն է տուժել, քանի որ բանկը վարկը ժամանակին չի տրամադրել:

Սուքիասյանի պաշտպանը վկային հարցրեց, թե արդյոք գործն ուսումնասիրելու ընթացքում նկատել են փողերի լվացման երևույթներ։ Վկան պատասխանեց․ - «Մենք այդպիսի նպատակ չենք ունեցել: Նման շրջանակներում նման նպատակով ստուգում չենք արել, եզրակացություն չեմ կարող տալ․․․ Փողերի լվացմամբ զբաղվում է Կենտրոնական բանկի առանձին ստորաբաժանում»:

Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է, որ իր ունեզրկման մեղավորները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են։ Չնայած Հայրապետյանի պահանջներին՝ նրանք մինչև օրս դատարան չեն ներկայացել ու ցուցմունք չեն տվել։

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 7-ին։

XS
SM
MD
LG