Մատչելիության հղումներ

«Օֆշորի» գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց


Փայլակ Հայրապետյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Փայլակ Հայրապետյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Ունեզրկված գործարարը պահանջում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան և ցուցմունք տան:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձվեց ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի գործով դատական նիստը, դատախազն անհետաձգելի գործեր ուներ։

78-ամյա գործարարը դժգոհ էր, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի ելույթը լսելու հնարավորություն չունեցավ։ «Շաբաթը մի օր ա լինում, մեկը բացակայում ա, ուրեմն նորից մի շաբաթ, ինձ համար շատ ծանր ա, չեմ ուզում որ էսպես լինի, ուզում եմ, որ դատը շտապ, նույնիսկ ամեն օր լինի, վերջացնենք»,- ասաց Հայրապետյանը:

Շուրջ երեքուկես տարի է, ինչ իրավապահ մարմինները քննում են 33 հատորներից բաղկացած, այսպես կոչված՝ «օվշորային գործը», որը կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունների հետ։ Փայլակ Հայրապետյանը վերջիններիս հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել, սակայն չգիտի՝ դատարանը նրանց ե՞րբ է կանչելու։

«Ասել են կանդրադառնան, երբ միջնորդագրերն ընդունվեն։ Պնդելու եմ իմ գրած միջնորդությունը, որ նրանք գան ցուցմունք տան: Թող գան ապացուցեն, բա իմ ամբողջ ունեցածը վերցրել են, տեղյակ են եղել, եթե տեղյակ չեն եղել՝ թող գան ապացուցեն, որ տեղյակ չեն»,- շարունակեց ունեզրկված գործարարը։

Նա նախկինում բազմիցս հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է «Ամերիաբանկ»-ում, որն այն գնահատել է 33 միլիոն դոլար ու դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10,7 միլիոն դոլար: Սակայն, վերջինս այդ գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին: Արդյունքում՝ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Գործարարն ասում է, թե այս պատմությունն իրեն Թումանյանի հայտնի հեքիաթն է հիշեցնում։

«Յոթերորդ ամիսն էր, պիտի հումք բերեր, որ մենք աշխատեինք: Գնացել եմ իրա տուն, ասում եմ՝ Աշոտ ի՞նչ եղավ, մենք պիտի աշխատե՞նք, թե չէ: Ասում եմ՝ գիտես չէ՞, Թումանյանի «Շունն ու կատուն», որ փոստը տալիս ա, հետո գդակն ա ուզում, չի լինում, ասում եմ՝ ես իմ փոստը տվել եմ, ե՞րբ ա էդ գդակը լինելու։ Ծիծաղում ա, ասում ա՝ կլնի էլի, խի ես վռազում»։

Անցած տարիներին Հայաստանի դատաիրավական համակարգի տարբեր օղակներում այդպես էլ պատասխան չի ստացել հարցը՝ արդյո՞ք կիպրոսյան օֆշորում գրանցված Wlispera Holdings Limited ընկերության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին: Փայլակ Հայրապետյանը պնդում է՝ վկայի հարցաքննությունից էլ է պարզ դարձել, որ ստորագրությունները նրանց է պատկանում։ «Վկան ապացուցեց, որ Կճոյանը եղել է Կիպրոսում, վարչապետի պասպորտի կոպյան է եղել ընդեղ, միասին են էդ ձեռնարկությունները բաց արել, էս բոլորը վկան ասեց»,- Ասաց Հայրապետյանը՝ նկատի ունենալով վկա Արփի Բալյանին:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքել են իրենց առնչությունը օֆշորային սկանդալին՝ հայտարարելով, որ Կիպրոսում կամ այլուր որևէ օֆշորային ընկերություն չեն հիմնադրել և չեն լիազորել որևէ մեկին` հիմնել նման ընկերություն իրենց անունից: Ավելին՝ Տիգրան Սարգսյանը ևս դատարան էր դիմել՝ Փայլակ Հայրապետյանին մեղադրելով զրպարտության մեջ, դատական գործընթացը շարունակվում է։

Հայաստանի օրենսդրության համաձայն, միյան Գլխավոր դատախազությունն է իրավասու Կիպրոսից պահանջել նշված փաստաթղթերը՝ հետագայում ստորագրությունների իսկությունը պարզելու համար։ Նախորդ տարվա փետրվարին և այս տարվա հունվարին «Ազատությունը» երկու հարցում է ուղարկել Գխավոր դատախազություն, պարզելու՝ արդյո՞ք Կիպրոսից խնդրել են տրամադրել Wlispera Holdings Limited-ի փաստաթղթերի բնօրինակը։ Հարցումներին դատախազությունը դեռ չի պատասխանել։

XS
SM
MD
LG