Մատչելիության հղումներ

Կիպրոսյան օֆշորի գործով հերթական նիստն անցավ թեժ մթնոլորտում


Կիպրոսյան օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատարանում, 5-ը մայիսի, 2016թ․
Կիպրոսյան օֆշորի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատարանում, 5-ը մայիսի, 2016թ․

Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանն ու ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատարանում միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ։

«Դու ստախոս ես և զրպարտող, դրա համար քեզ մեղադրել են»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը, ինչին ի պատասխան, Փայլակ Հայրապետյանն ասաց՝ «Իմացի ում հետ ես խոսում, ա՛յ հիմար, ես կյանքիս մեջ սուտ չեմ խոսել, դու ստախոս ես, խաբեբա ես, խուլիգան ես: Մենակ ինձ չես խաբել՝ ինձ ես խաբել, հասարակ բանվորին ես խաբել, վարչապետին ես խաբել, Կճոյանին ես խաբել»։

Սուքիասյանը հերքում է օֆշորում գրանցված մի քանի ընկերությունների միջոցով փողերի լվացման՝ իրեն վերագրվող արարքը։ Ասում է՝ իրականում ինքն է տուժել, քանի որ բանկը վարկը ժամանակին չի տրամադրել: Հայրապետյանն էլ, ըստ Սուքիասյանի, խանգարել է, որ բիզնեսը կայանա։ Ամբաստանյալն, այդուհանդերձ, նշեց՝ հնարավորության դեպքում կփորձի փոխհատուցել ունեզրկված գործարարի վնասը: «Ոչ թե Հայրապետյանի, այլ իմ խղճի առաջ եմ պատասխանատու»,- ասաց Սուքիասյանն ու հավելեց՝

«Ես դա իմ խղճի առաջ եմ ասել, բայց ոչ մի պարտավորություն չունեմ, ես կարող եմ ասել՝ թող Հայրապետյանը վերադարձնի 2 տարի 4 ամիսը բանտախցում, ես էլ իրեն՝ գումարները։ Վեց տարի է՝ մենք էս պրոբլեմի մեջ ենք: Իմ խղճի առաջ պարտավորվում եմ՝ կա՛մ Հայրապետյանին, կա՛մ իր թոռներին հատուցել, խղճի՛ս առաջ, ոչ Հայրապետյանի։ Կարող եք ասել՝ ի՞նչ միջոցներով ․․․ տարիների մեղադրանքները վրաս դրված, ինձ հարցեր եք տալիս, ես ո՞նց պատասխանեմ»:

Փայլակ Հայրապետյանը բազմիցս է նշել՝ իր ունեզրկման մեղավորներն են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վկաներից Արփի Բալյանը, ով Սուքիասյանի ընկերություններից մեկում հաշվապահ է աշխատել, դատարանում ասել է, որ կիպրոսյան փաստաթղթերի մեջ տեսել է Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի անձնագրերի պատճենները։ Տուժողի ներկայացուցիչ Ինգա Ավագյանն այսօր ամբաստանյալին հարց ուղղեց՝ արդյո՞ք համաձայն է վկայի պատմածին։ «Արփի Բալյանը սուտ է խոսում, քանի որ էդ խոսակցությանը ներկա չի եղել, ընդամենը եկել է Կիպրոս իր քրոջ թոռնիկի կնունքի հետ կապված։ Նրա կարիքը չի եղել, սուտ է խոսում»,- պատասխանեց ամբաստանյալը:

Աշոտ Սուքիասյանի պնդմամբ, առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, նրանց բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները։ Ամբաստանյալի խոսքով, իրեն փաստաբանն է խորհուրդ տվել բիզնեսում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավել, որպեսզի Կիպրոսում իր ձեռքից ընկերությունները չվերցնեն։ «Սրբազանի հետ ճամփորդել ենք, ունեի անձնագրի պատճենը: Իսկ նախկին վարչապետի հետ․․․ քանի որ եկեղեցու խաչքավորն էի, սրբազանի աշխատասենյակում կային տարբեր թղթապանակներ, որոնցից մեկի մեջ կա եկեղեցու հետ առնչվող անձանց անձնագրի պատճենները, ընդեղից էլ վերցրել եմ»,- պարզաբանեց ամբաստանյալը։

Հայաստանի օրենսդրության համաձայն, միայն Գլխավոր դատախազությունն է իրավասու Կիպրոսից պահանջել այնտեղ գրանցված ընկերությունների փաստաթղթերն ու պարզել՝ արդյո՞ք Wlispera Holdings Limited-ի թղթերում առկա ստորագրությունները պատկանում են Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին։ Դատավարության ողջ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ՝ Հայաստանի դատախազությունը նման հարցով դիմե՞լ է Կիպրոսի իշխանություններին, թե՞` ոչ: Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ ինքը բազմիցս միջնորդություն է ներկայացրել, որ Սարգսյանն ու Կճոյանը դատարան կանչվեն։ Նրա կարծիքով, դատախազությունը ձգձգում է հարցը, որպեսզի պաշտոնյաներն այդպես էլ դատարան չկանչվեն։

«Դիմել եմ, որ կանչեն, առերեսում լինի, միանգամից ճշտենք՝ եթե իրենք չեն, թող դրանով սահմանափակվի, եթե իրենք են, թող պատասխան տան։ Իրանց գործը առանձնացրել են, էս գործը քննարկում են։ Դատախազությունը պետք է նորից գրի Կիպրոս, իրանց էդ ստորագրությունները ճշտի, ես 2-3 տարի է չեմ կարողանում դրա պատասխանը ստանամ»,- ասում է ունեզրկված Փայլակ Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG