Մատչելիության հղումներ

«Կիպրոսի օֆշորի» գործով մեղադրյալ Սուքիասյանը պնդում է, թե տուժող Հայրապետյանը «տապալել է» իր բիզնեսը


Տուժող Փայլակ Հայրապետյանը, արխիվ:

Տուժող Փայլակ Հայրապետյանը, արխիվ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ «Կիպրոսի օֆշորի» գործով հերթական դատական նիստը։

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պատասխանեց մեղադրողի ու տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցչի հարցերին։

Գործով միակ մեղադրյալ, ադամանդագործ Սուքիասյանը դեռ նախորդ դատական նիստին իր ցուցմունքում էր նշել, որ փողերի լվացման գործում իրեն մեղավոր չի ճանաչում։

Մոտ երեք ժամ տևած դատավարության ընթացքում Սուքիասյանը այսօր պնդեց, թե հակառակն է տեղի ունեցել՝ Հայրապետյանի պատճառով իր բիզնեսը տապալվել է․ - «70/30 տոկոս փայաբաժնով աշխատել ենք, բանավոր պայմանավորվել ենք, բայց գրավոր գրելուց հետո ոչ մի անգամ Հայրապետյանը չկնքեց։ 70 տոկոսը պատկանելու էր ինձ, քանի որ ես ռիսկային գոտում էի աշխատելու: Դրանից առաջ միշտ առաջարկել եմ Աֆրիկա գալ, չգիտեմ ինչի չէր գալիս, բայց հենց ամեն ինչ անիվների վրա կանգնեց, սկսեց եկամուտները գալ, ինքը հայտնվեց արդեն, որովհետև խլելու ժամանակն էր»։

Հայրապետյանը նախկինում հայտարարել է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրվել է Սուքիասյանի անունով։ Նա պնդում է, որ ստացված գումարը, պայմանավորվածության համաձայն, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Դատախազը փորձում էր պարզել, թե ինչու են այդքան ընկերություններ հիմնադրվել և արդյոք Սուքիասյանը միայնակ է գործել։ Վերջինս պատասխանեց․ - «Ես մենակ կարող եմ ասել, որ 2009 թվականին, երբ ես հումք էի բերում, առաջարկեցին, որպեսզի ես ավելի համարձակ քայլերի գնամ, ձևակերպեմ կազմակերպության 50 տոկոս մասնաբաժինը»:

Տուժողի ներկայացուցիչ Փիրումյանը մեղադրյալին հարցրեց, թե ինչու է իր անունով գրավադրել Հայրապետյանի գույքը և ուր է անհետացել տրամադրված վարկը․ - «Գործի ամբողջ տվյալներով կա, որ ընդամենը էդ գումարներով գնվել ա 2 սարքավորում, ուրիշ բան կա՞, ուրիշ բան գնե՞լ եք»:

«Իհարկե», - պատասխանեց Սուքիասյանը: - «16 միլիոնի ներդրում է արված, որի 6 մլն 700-ը միայն տեխնիկան է»:

Փայլակ Հայրապետյանը բազմիցս նշել է, որ իր ունեզրկման մեղավորները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն են։ Չնայած Հայրապետյանի պահանջներին՝ նրանք մինչև օրս դատարան չեն ներկայացել ու ցուցմունք չեն տվել։

Սարգսյանի և Կճոյանի անունները այսօր դատական նիստի ընթացքում չհնչեցին, նրանք հիշատակված չեն նաև 33 հատորից բաղկացած դատական գործում։

Հայաստանի օրենսդրության համաձայն, միայն Գլխավոր դատախազությունն է իրավասու Կիպրոսից պահանջել այնտեղ գրանցված ընկերությունների փաստաթղթերն ու պարզել, արդյոք Wlispera Holdings Limited-ի թղթերում առկա ստորագրությունները պատկանում են Տիգրան Սարգսյանին ու արքեպիսկոպոս Կճոյանին։ Նախորդ տարվա փետրվարին և այս տարվա հունվարին «Ազատությունը» երկու հարցում է ուղարկել Գխավոր դատախազություն, որոնք անպատասխան են մնացել։

Հաջորդ դատական նիստը կկայանա գալիք հինգշաբթի։ Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը կշարունակի պատասխանել տուժողի ներկայացուցչի հարցերին։

XS
SM
MD
LG