Մատչելիության հղումներ

Ապրիլի 25-ի երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղին սպասարկող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը դեպքի վայրում լրագրողներին հայտնեց, որ զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեպքի վայրում աշխատող լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, հետևաբար տեղի ունեցածը չէր կարող գազի պայթյունի հետևանք լինել:

Ֆուգասային տիպի պայթյուն է եղել, ալիքային, ոչ թե բեկորային, ասաց ոստիկանապետը։

Գասպարյանը մանրամասնեց, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։ Ոստիկանապետը նաև հրաժարվեց մեկնաբանել հնարավոր ահաբկչության մասին լուրերը, նշելով, որ այս պահին դա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ փոխանցեց լրագրողներին, որ ավտոբուսի վարորդը չի վնասվել, նրան այս պահին քննում են։

Ուժեղացվել է պարեկապահակային ծառայությունը

«Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Ըստ այդ հայտարարության՝ նախագահ Սարգսյանը ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը:

«Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից»,- նաև ասված է հայտարարությունում:

Հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

«Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Հրապարակվել են տուժածների տվյալները

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել էր տուժածների ինքնությունը, նրանք են` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան:

Տուժածներից Արթուր Վաչիկի Մարգարյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

XS
SM
MD
LG