Մատչելիության հղումներ

Կայացավ Ելենա Օվսյաննիկովայի գործով դատական նիստը


Երևանում բնակվող Ռուսաստանի քաղաքացին, հիշեցնենք, ներողություն, հերքում և փոխհատուցում է պահանջում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից և Ազգային ժողովի պատգամավորից։

Անցած հուլիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ընթացքում իրեն սեռական և այլ բնույթի վիրավորանքներ հասցրելու ու զրպարտելու համար Օվսյաննիկովան 2-ական միլիոն դրամ է պահանջում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից և ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից և 1 միլիոն դրամ՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանից։

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը դեմ էր, որ դատը նկարահանվի՝ ասելով, թե տեսանյութը հետագայում կարող է շահարկումների հիմք դառնալ։ Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկեց:

Դատարանը թույլատրեց միայն ձայնագրել նիստը։

Հայցվորի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքով, Ելենան ցույցի ընթացքում ոստիկաններին պարզապես հորդորել է ուժ չկիրառել, ի պատասխան նրան անվանել են «սադրիչ», «Ադրբեջանի կողմից ուղարկված գործակալ»․ - «Պատասխանողն ընդունել է, որ հայցվորին սադրիչ է անվանել, և դեռ մի բան էլ ավելին: Հայերենին չտիրապետողների համար հատուկ հղում է կատարել Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանին առ այն, որ սադրիչ նշանակում է հրահրող, գրգռող մարդ։ Հունան Պողոսյանը և նրա ներկայացուցիչները պարզել են որ «սադրիչ» բառն ունի որոշակի բացասական երանգ, անգամ պարզել են, որ այն չէր կարող հայցվորին հոգեկան տառապանք պատճառել։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ եթե Հայաստանի ոստիկանությանը կամ նրա առանձին ներկայացուցիչներին «սադրիչ» և «սադրանք» բառերը հոգեկան տառապանք չեն պատճառի, ենթադրաբար այն պատճառով, որ դրանք կհամապատասխանեն իրականությանը, ապա հայցվորի իրավիճակը միանգամայն այլ է»։

Օվսյաննիկովան ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր Հունան Պողոսյանի հետ իր զրույցը, պնդել էր, թե փոխոստիկանապետն իրեն ասել էր․ - «Գիտեք, մեր բոլոր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ Դուք այստեղ նրանց առջև քայլում եք»։

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանի պնդմամբ՝ այսպիսի արտահայտություն Հունան Պողոսյանը չի արել։ Ինչ վերաբերում է «սադրիչ» բառին, ապա փոխոստիկանապետը այս արտահայտությամբ փորձել է կանխել պայթյունավտանգ իրավիճակը․ - «Թեթև խոսքը, անզգույշ արտահայտությունը, ոստիկանների հետ շատ տարօրինակ հեռավորության վրա երկխոսության մեջ մտնելը կարող են բերել անցանկալի գործողությունների թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից: Արդյունքում կարող էր այն, ինչը մեծ ջանքերով հաջողվել էր կատարել, այսինքն՝ կանգնեցնել հավաքը, կարող էր նորից կրկնվել: Հունան Պողոսյանը էթիկապես գրագետ, բարձր կուլտուրա ունեցող ոստիկանության սպաներից է, և կնոջ հանդեպ նման միտումով, նման դիտավորությամբ նման արտահայտություն նա իրեն թույլ չէր կարող տալ»:

Օվսյաննիկովայի կարծիքով, գործն այնքան պարզ է, որ երկար քննելու կարիք չի առաջանա․ - «Իրականում դրական եմ տրամադրված, որովհետև կարծում եմ բազմաթիվ ապացույցներ կան, լուսանկարներ, հարցազրույցներ, որ տվել է պատասխանող կողմը։ Այնքան ակնհայտ է, մակերեսին, որ գործը քրքրելու հարկ չկա։ Հույս ունեմ դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»։

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 26-ին։

XS
SM
MD
LG