Մատչելիության հղումներ

Ցուցարար կինը ներողություն, հերքում և փոխհատուցում է պահանջում ոստիկանության պաշտոնյաներից


Ելենա Օվսյաննիկովա, արխիվ
Ելենա Օվսյաննիկովա, արխիվ

Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և պատգամավոր Էդմոն Մարուքյանին զրպարտության մեջ մեղադրող Ելենա Օվսյաննիկովայի գործով առաջին դատական նիստը այսօր հետաձգվեց. փոխոստիկանապետը ծանուցում չէր ստացել։

Օվսյաննիկովայի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը ասաց, որ հայցվորը ներողություն և հրապարակային հերքում է պահանջում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ իրեն զրպարտելու համար։

«Եվ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ պահանջել ենք 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձել հօգուտ Ելենա Օվսյաննիկովայի»,- հայտնեց փաստաբանը։

2-ական միլիոն դրամ հայցվորը պահանջում է ոստիկանությունից, Հունան Պողոսյանից և Նարեկ Մալյանից, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանից՝ 1 միլիոն դրամ։

Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան հայազգի ամուսնու հետ այս տարեսկզբին է տեղափոխվել Երևան, հունիսին մասնակցել է Բաղրամյան պողոտայում հոսանքի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին։ Ավելի ուշ նա «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ոստիկաններին մահակները և ջրցանը օգտագործելուց առաջ կոչ է արել խղճին հետևել, ինչից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ում կնոջը անվանել էր պրոֆեսիոնալ խառնակիչ և պնդել, թե նա ոստիկաններին սեքս է առաջարկել։

Ըստ փաստաբանի՝ հարցազրույցում Օվսյաննիկովային սադրիչ է անվանել նաև փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը.- «Հայտարարել է, որ նա ոստիկանների առաջին շարքի ծառայողներին սեքս է առաջարկել»։

Փաստանբան Եգորյանի խոսքով՝ այդ պահին Բաղրամյանում գտնվող պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ Օվսյաննիկովային սադրիչ է անվանել և մեղադրել է ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ։

Ոստիկանապետի խորհրդականը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ մեղադրանքներին առաջիկայում կանդրադառնա, պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ պնդեց, որ զրպարտող որևէ բան չի ասել։

«Նա երկու պնդում է անում, ասում է՝ ես ասել եմ, որ նա սադրիչ է և հարբած է եղել։ Երկու պնդումներն էլ անհիմն են, որովհետև ես ասել եմ, որ տեղի է ունեցել պրովոկացիա, և տեղի ունեցածի վերաբերյալ դա իմ կարծիքն է։ Ինչ վերաբերում է զրպարտությանը, թե նա հարբած է եղել, դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, կան ձայնագրություններ, կան գրառումներ։ Ես ասել եմ, որ նրա վրայից ալկոհոլի հոտ եմ զգացել։ Դա այն է, ինչ ես զգացել եմ»,- փոխանցեց պատգամավորը։

Փաստաբան Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ գործող անձինք համագործակցելով փորձել են տպավորություն ստեղծել, թե Բաղրամյանում արտաքին սադրիչներ կան, որոնց օգնությամբ Մայդան է կազմակերպվում.- «Բոլորովին պատահական չէ, որ թեև նա ազգությամբ ռուս է, այդ ողջ ընթացքում ներկայացվել է որպես ուկրաինացի»։

Ինքը՝ Օվսյաննիկովան, դատական գործընթացից հրաժարվում է խոսել. «Ազատության» հարցին՝ վստահո՞ւմ է արդյոք Հայաստանի արդարադատությանը, արձագանքեց.- «Ես հավատում եմ արդարությանը, այդ պատճառով էլ ես դատարան դիմեցի։ Եթե ես չհավատայի արդարությանը, ապա ես ոչ Բաղրամյանում կլինեի, ոչ էլ այստեղ»։

Օվսյաննիկովայի փաստաբանները վճռական են տրամադրված։ Ասում են, որ եթե Հայաստանի դատարաններում արդարություն չգտնեն, կգնան Եվրոպական դատարան։

XS
SM
MD
LG