Մատչելիության հղումներ

Ցուցարար կինը «զրպարտանք» է որակում ՀՀ ոստիկանապետի խորհրդականի հայտարարությունը


Հայաստանի քաղաքացի, ծագումով երևանցի Հարութ Մուրադյանի հետ 12 տարի ամուսնացած, երկու անչափահաս երեխաների մայր Ելենան ընտանիքով տարեսկզբին Մոսկվայից մշտական բնակության է տեղափոխվել Երևան:

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային մասնակցած Ելենա Օվսյաննիկովան սուտ և իր ու իր ընտանիքի հասցեին զրպարտանք է որակում Հայաստանի ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի հայտարարությունը, թե ինքը Բաղրամյանում ծառայություն իրականացնող ոստիկաններին առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ և որ «պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ» է:

Հայաստանի քաղաքացի, ծագումով երևանցի Հարութ Մուրադյանի հետ 12 տարի ամուսնացած, երկու անչափահաս երեխաների մայր Ելենան ընտանիքով տարեսկզբին Մոսկվայից մշտական բնակության է տեղափոխվել Երևան:

«Էլեկտրաէներգիայի հերթական թանկացումը անհիմն համարելով՝ մենք էլ ընտանիքով որոշեցինք մասնակցել բողոքի ակցիաներին», - ասում է Ռուսաստանի քաղաքացի Օվսյաննիկովան: - «Շղթա կազմած և մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին ես հետևյալն եմ ասել՝ մարդի՛կ, առաջին հերթին լսեք ձե՛զ: Եթե ձեզ նորից հրաման տան մահակներով, վահաններով ու ջրցան մեքենաներով գնալ մարդկանց դեմ, առաջին հերթին հիշե՛ք, թե դուք ով եք, ակա՛նջ դրեք ձեր խղճին ու սրտին: Մոտավորապես այսպիսի խոսքերով եմ դիմել ոստիկաններին»:

Ըստ Ելենայի, իր այս խոսքերից հետո է ոստիկանությունը իրեն մեղադրել սադրիչ գործողություններ կատարելու մեջ՝ չմանրամասնելով, սակայն, թե հատկապես իր ո՞ր խոսքերն ու գործողություններն են սադրանք պարունակում․ - «Այդ պահին շղթա կազմած ոստիկանների թիկունքից դուրս եկավ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը և ասաց՝ հեռացե՛ք, Դուք խանգարում ենք, Դուք սադրում եք ոստիկաններին: Ասացի՝ ինչպե՞ս: Այդ ժամանակ փոխոստիկանապետը բացառիկ մի բան ասաց՝ գիտեք, մեր բոլոր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ Դուք այստեղ նրանց առջև քայլում եք: Եվ սա ինձ ասում է բարձրաստիճան ոստիկանը»:

Օվսյաննիկովայի խոսքով, ահա այս պատմությունն էլ ֆեյսբուքյան իր էջում յուրովի զարգացրել է Նարեկ Մալյանը:

Ոստիկանապետի խորհրդականը Ֆեյսբուքում գրել է, որ Ելենա Օվսյաննիկովան դեռ հունիսի 22-ից իրենց ուշադրության տակ է եղել: Մեջբերում Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումից․ - «Սա գնում գալիս, մոտենում էր զորքի, կանգնում էր զինվորների դեմ դիմաց ու զինվոր առ զինվոր նույն անգիր արած տեքստն էր ասում. - «Տղամարդու համար ավելի հաճելի գործեր կան, առաջարկում եմ թողնես ամեն բան ու մենք միասին զբաղվենք սեքսով»: Տղաները չէին պատասխանում, բայց տեղեկացնում էին, որ մի անբարոյական կա, գալիս սեքս է ուզում անի բոլորի հետ: Երբ հունիսի 23-ին երեկոյան հերթական անգամ սա ընկերուհու հետ մոտեցավ զորքին ու սկսեցին նույն տեքստերը ասել, սպաներից մեկը բարկացավ հայհոյեց ու ասեց մյուս անգամ եթե մոտենա զորքին նրա սեքսուալ ֆանտազիաները ամբողջ զորքը սիրով կիրականացնի, առավել ևս տղաները դրա կարիքը ունեն»:

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը այնուհետև պարզաբանում է, թե ինչու է ինքը ապշած: Դարձյալ մեջբերենք նրա ֆեյսբուքյան գրառումը․ - «Պարզվեց, որ սա, համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ խառնակիչ է: Սա հակապուտինիստ է, ով իսկույն այցելում է այնտեղ որտեղ հնարավոր է որևէ հակառուսական ցույց կազմակերպել կամ եղած ցույցը շուռ տալ դարձնել հակառուսական: Լինելով ՌԴ քաղաքացի նա ատում է սեփական երկիրը ու երկրի մայրաքաղաքը: Այսպիսի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչների սարքած անկայուն իրավիճակի համար սահմանում մեր զինվորն է իր կյանքով հատուցելու: Այնպես որ հիշեք սրա դեմքը, տեսնելուց թքեք երեսին, ցույցին մոտիկ չթողնեք: ՍԹԱՓՎԵՔ!!!!!!»:

Մենք, իհարկե, փորձեցինք պարզաբանում ստանալ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականից՝ արդյոք նա կամ ոստիկանությունը որևէ ապացույց ունե՞ն, որ Ելենան ոստիկաններին առաջարկել է սեռական հարաբերություններ ունենալ, որ համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ է, սակայն ապարդյուն: Օրվա ընթացքում Մալյանը ևս մեկ գրառում կատարեց Ֆեյսբուքում, թե իր նշված գրառումը ոստիկանության պաշտոնական տեսակետը չէ, իր սեփական տեսակետն է, ու որևէ պարզաբանում չի պատրաստվում տալ:

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել ոստիկանապետ Գասպարյանին՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյոք որևէ ապացույց ունե՞ն, որ Ելենա Օվսյաննիկովան ոստիկաններին առաջարկել է սեքսով զբաղվել, կամ որ համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ ու վճարվող խառնակիչ է, և ընդհանրապես՝ ոստիկանապետը ի՞նչ իրավական գնահատական կտա իր ենթակայի հրապարակային հայտարարությանը, ըստ որի երկու անչափահաս երեխաների մայրը ներկայացվել է որպես անբարոյական, և պարոն Մալյանը կոչ է արել թքել նրա դեմքին:

Ոստիկանությունից դեռ չեն պատասխանել:

Օվսյաննիկովան ասաց, որ իր խոսակցությունները ոստիկանների հետ նկարահանվել են իրավապահների կողմից, և կոչ արեց ոստիկանությանը հրապարակել տեսանյութերը. - «Նարեկ Մալյանը ակնհայտ զրպարտանք է տարածում: Աշխատելով ոստիկանությունում՝ նա չի ստուգում այն տեղեկության իսկությունը, որը նա տարածում է: Նա տարածում է ակնհայտ սուտ տեղեկություններ»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, անգամ Նարեկ Մալյանի ներկայացրածի հիման վրա կարելի է ասել, որ Ելենան Հայաստանի որևէ օրենք չի խախտել, և անգամ եթե խախտեր, ոստիկանությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր, և ոչ թե Նարեկ Մալյանը հրապարակավ վիրավորանքներ հասցներ կնոջը․ - «Ուղղակի ամոթ է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման գրառում անել: Առավել ևս ամոթ է, որ նման գրառում կարող է անել տղամարդը»:

Ավելի ուշ, այնուհանդերձ, Նարեկ Մալյանը արձագանքեց Ելենա Օվսյաննիկովայի հայտարարություններին՝ «Ազատությանը» փոխանցելով հետևյալը․ - «ՀՀ օրենսդրությունը ցանկացածին՝ այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող սադրիչներին, տալիս է հնարավորություն պաշտպանել վիրավորված արժանապատվությունը»:

XS
SM
MD
LG