Մատչելիության հղումներ

Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի ծավալը մեծանալով՝ ընդհուպ մոտեցել է ճգնաժամային 2009թ․ մակարդակին:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2015թ․ ամսական միջինը չի մարվել ընդհանուր վարկերի 8.56 տոկոսը: 2009 թվականին, երբ Հայաստանի տնտեսությունը չորրորդն էր աշխարհում տնտեսական անկման ցուցանիշով, չաշխատող վարկերի ամսական միջին ծավալը 8.7 տոկոս էր:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ ոչ միայն սպառողների, այլև գործարարների շրջանում աճում է անվճարունակությունը․ - «Այսինքն, եթե մեզ մոտ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը մեծանում է, սա կոնկրետ վկայում է, որ բնակչությունը վճարունակության հետ կապված խնդիրներ ունի»:

Չնայած պաշտոնական տվյալներով 2010թ․-ից հետո Հայաստանում միշտ տնտեսական աճ է գրանցվել՝ տարեկան միջինը 4 տոկոս, սակայն նույն պաշտոնական թվերը փաստում են՝ ընդհանուր վարկային փաթեթում չաշխատող վարկերի ծավալը 2012թ․-ից միայն աճում է՝ չորրորդ տարին անընդմեջ:

Արարատի մարզում այսօր մեզ հանդիպած գյուղացիները վերցրած վարկերի հերթականությունն էին թվարկում՝ պնդելով, որ հետզհետե ավելի դժվար են կարողանում դրանց տոկոսները մարել:

Չաշխատող վարկերի ամսական միջին ծավալը 2006-2015թթ․

Չաշխատող վարկերի ամսական միջին ծավալը 2006-2015թթ․

Ըստ Թունյանի, տրամաբանությունը հուշում է, որ տնտեսական աճի պայմաններում խնդրահարույց վարկերի ծավալը պետք է փոքրանար, մինչդեռ հակառակ պատկերն է․ - «Տնտեսական աճը, եթե ինքը անմիջապես չի արտացոլվում բնակչության կենսամակարդակի վրա, ինքնանպատակ է: Այսինքն, կապ չունի՝ քո տնտեսությունը 1 տոկոսով է աճել, թե 101 տոկոսով։ Եթե դա հավասարաչափ չի բաշխվել ու հասարակության միջին անդամը դրա ազդեցությունը չի զգացել, այդ թվում նաև գնողունակության հետ կապված, նշանակում է՝ կա՛մ այդ ստեղծված արդյունքը որոշ խմբերի գրպանն է գնացել, կա՛մ դրանք ուռճացված ցուցանիշներ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:

Արդյոք չաշխատող վարկերի նման աճը կարո՞ղ է վտանգի տակ դնել հայաստանյան բանկային համակարգի կայունությունը՝ հարց ուղղեցինք Կենտրոնական բանկ, սակայն օրվա ընթացքում ո՛չ այնտեղից, ո՛չ Բանկերի միությունից չպատասխանեցին:

«Եթե Հայաստանի տնտեսությունում գործերն ընթանան այնպես, ինչպես հիմա է, ապա այս տարի ևս չաշխատող վարկերի ծավալը կավելանա», - կարծում է տնտեսագետ Բաբկեն Թունյանը․ - «Տնտեսական իրավիճակը վատթարանում է, տրանսֆերտները քչանում են: Մի խոսքով՝ մարդկանց եկամուտները անկում են ապրում, ինչը խնդիրներ է առաջ բերելու: Ու հաջորդ գործոնը կախված է փոխարժեքից: Այսինքն, եթե դրամը շարունակի արժեզրկվել, դոլարային վարկ ունեցողների համար այս չաշխատող վարկերի կշիռը մեծանալու է»:

XS
SM
MD
LG