Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ի նախագահը չի հստակեցնում է, թե ինչու է բանանը Հայաստանում կրկնակի թանկ, քան Ռուսաստանում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:

Մեկ շաբաթ առաջ Շաբոյանը չհստակեցրեց՝ ինչո՞ւ է Հայաստանում բենզինը գրեթե երկու անգամ թանկ նույն մաքսային տարածքում գտնվող Ռուսաստանից և նկատելիորեն թանկ Վրաստանից:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այդպես էլ չի կարողանում հստակեցնել, թե ինչո՞ւ խոշոր ընկերությունների փաստացի վերահսկողության ներքո գտնվող ապրանքները Հայաստանում մի քանի անգամ թանկ են, քան արտերկրում:

Մեկ շաբաթ առաջ Շաբոյանը չհստակեցրեց՝ ինչո՞ւ է Հայաստանում բենզինը գրեթե երկու անգամ թանկ նույն մաքսային տարածքում գտնվող Ռուսաստանից և նկատելիորեն թանկ Վրաստանից, իսկ այսօր չկարողացավ պարզություն մտցնել այն հարցում, թե ինչո՞ւ է Երևանում բանանը երկու անգամ թանկ, քան Մոսկվայում:

«Բանանի շուկան մեր ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք մի քանի անգամ ուսումնասիրություններ իրականացրել ենք: Այս պահին էլ ենք ուսումնասիրություններ կատարում: Կարող եմ միայն հետևյալն ասել, որ մուտքի խոչընդոտներ այդ շուկայում չկան, մրցակցության սահմանափակումներ չկան», - ասաց Շաբոյանը:

Նա հաստատեց, որ Հայաստանում բանանի խոշորածավալ ներկրմամբ զբաղվում է «Քեթրին գրուփ» ընկերությունը, որը 1997 թվականին հիմնադրել են Միհրան Պողոսյանը, ով այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարն է և վերջինիս կինը՝ Կարինե Մխիթարյանը:

Շաբոյանը, սակայն, հավելեց․ - «Մեզ բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կարգավիճակը: Եվ ես չեմ կարող ասել, թե որ ընկերության սեփականատերը կամ նրա փոխկապակցված անձը ով է հանդիսանում: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ: Եվ կարող եմ ասել, որ մեծ ծավալներով ներկրում է իրականացնում «Քեթրին գրուփ» ընկերությունը և եթե կլինեն տնտեսվարողներ, որ կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են անել»:

Շաբոյանին հարցրինք՝ եթե շուկան մոնոպոլիզացված չէ և գործարարները ազատ կարող են զբաղվել բանանի ներկրմամբ, ինչո՞ւ անցած տարիներին այդպես էլ որևէ այլ ընկերություն չի հայտնվել բանանի շուկայում, և միգուցե դա՞ է բանանի թանկության պատճառը:

Պաշտոնյան, դարձյալ, խուսափեց հստակ պատասխանից․ - «Մեր ուսումնասիրություններով մուտքի խոչընդոտներ չկան»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, վաղուց գաղտնիք չէ, որ բանանի շուկայում հաստատվել է բացարձակ մենաշնորհ․ - «Եվ դրանով զբաղվում է «Քեթրին» ընկերությունը, որը գտնվում է Դատական ակտերի հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանի լիակատար վերահսկողության տակ»:

XS
SM
MD
LG