Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը զայրացած գյուղացիներին հորդորում է մի քիչ էլ համբերել և չդիմել բողոքի գործողությունների:

Լուսառատցի Լևիկ Մարգարյանն ամիսներ շարունակ չի կարողանում ստանալ իր հասանելիք մոտ 1,5 միլիոն դրամը՝ դեռ անցած տարի հանձնած խաղողի դիմաց: Տարեց այգեգործը «Ազատության» հետ զրույցում վրդովված պատմում էր, թե ինչ դժվարությամբ է մթերել մոտ 20 տոննա խաղողը, իսկ հիմա փաստի առաջ է կանգնել՝ գործարանները չեն վճարում, բանկերն էլ պահանջում են մարել վարկերը:

«Հեսա գարուն էկավ, կընկնենք կանաչի ու խոտ կուտենք, անասունի հետ հավասար: Էլ ես նորից ի՞նչ տնկեմ, որ չեն ընդունում: Որտե՞ղ տնկեմ, գիժ ե՞մ՝ տնկեմ թազա այգի: Էս գյուղը Հայաստանի քարտեզի վրա էլ չկա, ամեն կողմից ճնշում են, ամբողջ գյուղն ա վարկի տակ»,- ասում է Լևիկ Մարգարյանը:

Արարատի մարզի այս գյուղի այգեգործներն անցած տարի 4000 տոննա խաղող են մթերել: Համայնքի բնակիչների պնդմամբ, սակայն, 700 տնտեսություն ունեցող գյուղի մոտ կեսն «այս վիճակում է»: Չգիտեն՝ վարկերի տոկոսնե՞րը փակեն, թե՞ նոր ցանքի մասին մտածեն:

«Գյուղացին գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ չի կարող զբաղվել, մնում ա մի փրկություն՝ փախնելը: Ով հնարավորություն ունի՝ փախնում ա, ով էլ չէ՝ կամաց-կամաց հանգում ա: Հիմա ուզում են իմանան՝ իրանց հողերը մշակեն- չմշակեն, էդ ծախսերը անեն թե չանեն․․․վարկ էլ կվերցնեն, կմշակեն, մենակ թե պայմանագիր ունենան, որ իմանան՝ վաղը չեն մնալու շիվար»,- ասում է գյուղացիներից մեկը:

Գյուղացիներից ոմանք էլ ակումբում նարդի ու թուղթ են խաղում․ կատակում են՝ անփող միլիոնատերերով վիճակ ենք գցում, որ տեսնենք՝ ում բախտն է բերելու և ով է առաջինը ապրանքի փողը ստանալու: «Սաղ միլիոնատեր են, բայց փող չունեն․․․», «խաղողի վրա ենք խաղում», «մտածում ենք՝ մշակե՞նք, թե չմշակենք, այգին հողի տակից հանե՞նք, թե չէ»,- ասում են նրանք:

Գյուղի երիտասարդներն, ի դեպ, խուսափում էին տեսախցիկից՝ ասելով, թե նախորդ անգամ բողոքողները պատժվել են: Գյուղի բնակիչ Հովհաննեսն էլ ենթադրեց, որ բողոքելուց հետո ինքն էլ կարող է «սև ցուցակում» հայտնվել: «Վաղը մյուս օրը կասեն՝ գնա, քո խաղողը չենք ընդունում»,- կանխատեսեց Հովհաննեսը:

Գյուղապետարանից հայտնեցին, որ այժմ մարզպետարանի հրահանգով պարտատերերի ցուցակն են կազմում, հասկանալու՝ որ գործարանը ում և որքան է պարտք: Գյուղացիները պնդում են, թե գործարաններն առաջին հերթին գյուղապետարանի աշխատակիցների խնդիրն են լուծում, իսկ իրենց «ցուցակի վերջն են գցում»: Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր գինեգործ Հրաչյա Ոսկանյանը, սակայն, վստահեցնում է՝ խտրականություն չեն դնում, բոլորի պարտքերը մարելու են, բայց թե երբ՝ չգիտեն:

Անցած տարիներին մթերող գործարանները գյուղացիներին 15 օրվա ընթացքում էին վճարում: Այս տարի, սակայն, լուրջ խնդիրներ ունեն՝ ռուսական ռուբլու արժեզրկման ու Ռուսաստանում սկսված ճգնաժամի հետ կապված: Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցը պնդում է՝ կառավարության հորդորով մթերել են ավելին, քան իրենց անհրաժեշտ էր, սակայն արտադրանքը չի իրացվում: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ գյուղացին այս տարի, գինեգործ Ոսկանյանը պատասխանեց՝ խոստումներ տալ չեն կարող:

«Մարդիկ կլինեն, որ կարող է հիասթափվեն, ասելով, որ կքանդենք մեր այգիները: Բայց եթե համեմատենք՝ գործարանն էլ եթե չի կարողանում իրա ապրանքը վաճառի, դնի քանդի՞, հավասարացնի հողի՞ն գործարանը»,- գյուղացիներին հակադարձում է գինեգործ Ոսկանյանը:

Գյուղատնտեության նախարարությունը գյուղացիներին հորդորում է մի քիչ էլ համբերել, բողոքի ակցիաներ չանել: Փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ արդեն զրուցել են գործարանների ղեկավարների հետ: Քաղցրաշենում խոստացել են մարտի 1-ից սկսել վճարումները:

Մշակվում է նաև ամբողջությամբ պայմանագրային համակարգի անցնելու ծրագիր․ ըստ այդմ՝ ամիսներ առաջ գյուղացին տեղեկացված կլինի, թե գործարաններն աշնանը որքան բերք կարող են մթերել:

«Փորձելու ենք պայմանագրերի կնքման մակարդակը հասցնել 100 տոկոսի, որպեսզի բազմաթիվ խնդիրներից խուսափենք»,- ասում է փոխնախարարը:

XS
SM
MD
LG