Մատչելիության հղումներ

Ներկրողներն ասում են՝ նոր օրենքի ընդունման դեպքում դեղերը կարող են թանկանալ


Դեղ ներկրողները պնդում են, որ առաջիկայում Հայաստանում հնարավոր է՝ դեղերը թանկանան, եթե խորհրդարանն ընդունի կառավարության մշակած օրինագիծը:

Մինչդեռ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է՝ 18 տարի առաջ ընդունված օրենքը ամբողջովին չի կարգավորում դեղերի շուկան և լիովին չի երաշխավորում, որ դեղերը լինեն մատչելի, արդյունավետ ու անվտանգ:

«Դեղերի շուկան կատարյալ չէ, այն խիստ ասիմետրիկ է ու վտանգավոր։ Հնարավորությունը, որ մենք շուկայում կունենանք անորակ, ոչ արդյունավետ և վտանգավոր դեղեր, շատ մեծ է»,- ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Այսօրվա խորհրդարանական լսումների ընթացքում, սակայն, պատգամավորները կասկածի տակ առան կառավարության օրինագիծը։ «Հիմա դուք տեղեկություն ունե՞ք, որ մարդիկ փող են տալիս, դեղը գրանցում են և գնում են Եվրոպայից «Ժիգուլու» բագաժնիկի մեջ են լցնում, ներմուծո՞ւմ։ Կամ Հայաստանում տանում իրենց պադվալներում են պահո՞ւմ։ Որևէ պետական մարմին չի կարող ասել՝ ես ուզում եմ ինչ-որ բան ստուգել և օրենքը ինձ թույլ չի տալիս»,- նկատեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության փոխնախարարը պնդեց՝ 18 տարի դեղերի շուկան կարգավորվել է հիմնականում նորմատիվ հրամաններով ու կարգերով: Մինչդեռ իրենց առաջարկած նախագիծը քրեական պատասխանատվություն է սահմանում կեղծ դեղ ներկրելու համար: Խստացվել են տուգանքները նաև այն գործարարների հանդեպ, որոնք չեն ապահովի ներկրման, պահպանման ու իրացման պարտադիր պայմանները, այս դեպքում տուգանքները նախկին 50.000 դրամի փոխարեն կհասնեն մինչև 1 միլիոն:

Ներկրող Վահե Վարսանյանը դժգոհեց՝ որակի հետ կապ չունեցող տեխնիկական փոքրիկ խախտումները, փաստորեն, կարող են իրենց մի քանի միլիոնի վնաս հասցնել: Փոխնախարարն էլ հակադարձեց՝ վախենում են նրանք, ովքեր խախտում են անում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկեցին դեղերն ավելի մատչելի դարձնելու համար դրանք ազատել ավելացված արժեքի հարկից, փոխնախարարը խոստացավ քննարկել։ Հարցին էլ, թե ինչո՞ւ է արտերկրից բերվող նույն դեղն առավել արդյունավետ, քան այստեղ վաճառվողը, պաշտոնյան պատասխանեց՝ որակը ընկնում է սխալ պահպանման պատճառով:

Առաջարկվող օրենքով՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա գրել ոչ թ դեղի անունը, օրինակ՝ ասպիրին, այլ նրա ակտիվ նյութի անունը՝ ացետիլասալեցիլաթթու, դեղատան աշխատակիցն էլ պետք է տարբեր արտադրողների՝ նույն բաղադրությամբ դեղերը առաջարկի հիվանդին՝ ընտրությունը թողնելով նրան:

«Պացիենտը ինքն է որոշում, թե որ դեղը կգնի, և օրենքով ամրագրված է, որ դեղատան աշխատակիցները իրավունք չունեն ուղղորդելու և խորհուրդ տալու դեղի ընտրության ժամանակ»,- ասաց փոխնախարարը։

Առանց դեղատոմսի դեղ վաճառող դեղատունը, օրենքի այս նախագծով, առաջին անգամ կտուգանվի 5000, երկրորդ անգամ՝ 10.000 դրամով, շարունակելու դեպքում չի բացառվում, որ նաև զրկվի լիցենզիայից:

Պատգամավորներն ու ներկրողները նաև պնդում էին՝ պարտադիր հայերեն մակնշումը լրացուցիչ ֆինանսական բեռ է, արդյունքում դեղերն են թանկանալու: Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովը համակարգող Արա Բաբլոյանը վրդովվեց.- «Ձեր ճնշումների տակ նույնիսկ կառավարությունը ուզում է հետադարձ քայլ անի։ Ես՝ որպես Արա Բաբլոյան, դեմ եմ, որպեսզի հիվանդը չստանա էդ փոքրիկ թերթիկը, թե դեղը ինչի համար է ցուցված, ինչն է հակացուցված, ինչ դոզաներով պետք է մարդը խմի։ Դուք գնացեք, քվեարկեք, անցկացրեք դա, և դա դեղ վաճառողների, ներմուծողների ազդեցությունն է ձեր վրա»։

Չնայած պնդումներին, որ առաջարկվող օրինագիծը նոր ու առավել խիստ պայմաններով է կարգավորելու դեղերի շուկան, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ տուժողը սպառողն է լինելու, շահողը՝ խոշոր ներկրողը։

«Քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում ասելու, որ մենք ունենալու ենք միայն մի արդյունք՝ դեղերի գների թանկացում և մոնոպոլիզացիա։ Նրանք, ովքեր էնքան խոշոր են, որ կարող են գնալ դեմպիգների, կարող են մի տարի հետո մրցակիցներին շուկայից հանել ու մնալ շուկայի տերը»,- ասաց պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG