Մատչելիության հղումներ

Վարդենիսում անչափահասի սպանության գործը կվերաբացվի


Դատապարտված ամուսինների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան
Դատապարտված ամուսինների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյան

Առաջիկա ամիսներին Հայաստանի դատական ատյաններում նորից կքննվի տասներկու տարի առաջ Վարդենիսում տեղի ունեցած անչափահասի սպանության գործը, ինչի համար մեղավոր ճանաչված ամուսինները պնդում են, թե մոտ տասը տարի անցկացրել են ճաղերի հետևում՝ ուրիշի փոխարեն:

16-ամյա Սյուզաննա Սարգսյանին դաժանորեն սպանելու մեջ մեղավոր ճանաչված Նալբանդյան ամուսինների բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ տարի առաջ մասնակիորեն բավարարել էր, ինչի հիման վրա էլ օրեր առաջ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել:

Դատապարտված ամուսինների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Վճռաբեկը պետք է բեկանի նախորդ դատական ակտերն ու գործը ուղարկի նոր քննության:

«Շատ ավելի մանրամասնությամբ պետք է քննվի Ոստիկանության և համակարգի կողմից դրսևորված անօրինականությունը։ Բացի դրանից նաև դեռևս 2004 թվականին Նարինե Նալբանդյանը շատ պաշտոնյաների և նրանց երեխաների անուններն է վկայակոչել այս հանցագործության կատարման մեջ, և այս կապակցությամբ ևս քննությունը պետք է խորացված տանել և հասնել ճշմարտության բացահայտմանը։ Ես ընդամենը ուզում եմ, որ մարդիկ ազատվեն այս մեղքի բեռից», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Մեղադրական եզրակացության համաձայն` 2004-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման:

Նարինե Նալբանդյանը դատարանում հայտնել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն իրենից բռնությամբ են կորզել:

«Ոչ մի վկայություն չկա՝ բացի իրենց «ինքնախոստովանական ցուցմունքից»։ Եվ եթե խոստովանական ցուցմունքներն էլ բռնության ազդեցության տակ են վերցվել ու դա հիմնավորվել է Եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտով, ես կարծում եմ, որ ապացուցողական բազայի իմաստով տակը ոչինչ չի մնալու», - ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նալբանդյան ամուսինները պնդում են, որ իրենք որևէ առնչություն չեն ունեցել սպանությանը, առաջ քաշելով վարկած, որ աղջկան բռնաբարել ու սպանել են պաշտոնյաների հետ կապված անձինք:

Մեկ տարի առաջ ՄԻԵԴ-ը որոշեց, որ ամուսիններից ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգումների միջոցով, ինչպես նաև խախտվել է նրանց արդար դատաքննության ու դատական մարմիններում պաշտպանության իրավունքը։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ամուսիններին վճարել 62 հազար եվրո փոխհատուցում:

9 տարվա պատիժը կրելուց հետո Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է: Դատապարտված ամուսինների դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն ստացել են ՄԻԵԴ-ի վճռով նախատեսված դրամական փոխհատուցումը, հիմա հույս ունի, որ արդար քննություն կլինի և իր մայրն ազատ կարձակվի․ - «Մենակ արդարության համար ենք մենք պայքարում։ Մեզ անմեղ տեղը քաշեցին այդ պատմության մեջ ու մեր կյանքը լրիվ կործանվեց չարած բանի համար։ Մենք այդ աղջկա սպանության հետ բացարձակ կապ չենք ունեցել։ Ծեծելով ասում էին՝ ասեք, որ մենք ենք արել։ Մորս ասել էին՝ եթե ուզում ես երեխեքդ ազատության մեջ մնան, ուրեմն դու ու ամուսինդ վերցրեք ձեր վրա, ուրիշ տարբերակ չկա»։

Շուրջ մեկ շաբաթ առաջ Եվրադատարանը ևս երեք որոշում էր կայացրել Հայաստանի դեմ՝ պարտավորեցնելով քաղաքացիների իրավունքների խախտման համար վճարել ավելի քան տասը հազար եվրո:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանը ձգտում է, որ իր դեմ որոշումներ չլինեն:

«Կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը վատթարագույն վիճակում չի գտնվում այդ ցուցանիշներով, և որ ավելի կարևոր է՝ բնականաբար, թույլատրվում են սխալներ և այդ սխալներից հետո պետք է իրականացվեն քայլեր։ Բնականաբար, և՛ վերլուծություն է իրականացվում, և՛ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվում, որովհետև Եվրոպական դատարանի ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է, որպեսզի վերլուծվի՝ որտեղ են եղել բացթողումները, դրանք օրենսդրական մակարդակո՞ւմ են եղել, թե՞ օրենքի բացի հետևանքով կիրարկման արդյունքում և այլն», - ասում է նախարարը։

XS
SM
MD
LG