Մատչելիության հղումներ

Ավետիք Իշխանյան․ Մարդու իրավունքների խախտումները զանգվածային բնույթ են ստանում ընտրական շրջանում


Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ամենամյա զեկույցը բարձրաձայնում է բռնությունների, քաղաքական հետապնդումների, խոսքի, հավաքների ազատության ճնշումների և խոշտանգումների մասին:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը օբյեկտիվ չի համարում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վերջին զեկույցները, որոնք քննադատում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:

«Օբյեկտիվորեն կասկածում ենք նաև այդ զեկույցի օբյեկտիվության վրա, որովհետև մեր երկրի ազատությունը, ժողովրդավարության աստիճանը կապել այս կամ այն աշխարհաքաղաքական միավորման հետ, չեմ կարծում, որ դա ճիշտ է, չեմ կարծում, որ դա օբյեկտիվ է», - հայտարարեց Սահակյանը:

Երեկ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պնդել էր, թե 2015 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը մնացել է անհարթ, Freedom House-ի զեկույցն էլ Հայաստանը որակել է որպես «մասամբ ազատ» երկիր՝ դա պայմանավորելով Ռուսաստանի բացասական ազդեցությամբ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ամենամյա զեկույցը ևս բարձրաձայնում է բռնությունների, քաղաքական հետապնդումների, խոսքի, հավաքների ազատության ճնշումների և խոշտանգումների մասին:

Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իրենք մեծ ցանկություն ունեն գրել մարդու իրավունքների ոլորտում դրական տեղաշարժերի մասին, սակայն վիճակը կայուն անբավարար է․ - «Եթե մի պետության մեջ չկա իշխանության տարանջատում և անկախ դատական համակարգ, ապա այդտեղ խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին անիմաստ է»:

Հովհաննես Սահակյանը համամիտ չէ․ - «Լավ է, բայց ոչ բավարար է: Մենք պետք է ձգտենք ավելիին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մենք ունենանք մեր ներքին համոզմունքի երկիրը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հրապարակած զեկույցում որպես տարվա ամենանշանակալի իրադարձություն նշվում է ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը:

«Երբ որ 230-ից ավելի մարդ ձերբակալվեց և լրատվամիջոցների նկատմամբ եղան բռնություններ և ակտիվիստների նկատմամբ բռնություն, և որևէ մեկը պատասխանատվություն չկրեց դրա հետ կապված, այդ դեպքը բավարար է՝ գնահատելու խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված հետընթացը»:

Սահակյանը հակադարձում է, թե նմանատիպ զեկույցները օբյեկտիվ չեն, քանի որ չեն նշում, որ օրեր շարունակ սստիկանությունը հանդուրժում էր երկրի գլխավոր պողոտաներից մեկի փակ լինելը:

Զեկույցն անդրադառնում է նաև ներքաղաքական զարգացումներին՝ հիշատակելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռացումը քաղաքականությունից:

Նշվում է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, քանի որ չէր կարող երրորդ անգամ նախագահ ընտրվել:

«Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը մեծ ազդեցություն գործեց հանրաքվեի արդյունքների վրա», - գրում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ հանրաքվեն անցել է կոպիտ խախտումներով՝ լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, դիտորդների ու լրագրողների հասցեին սպառնալիքներ:

Զեկույցում անդրադարձ կա նաև նախորդ տարվա մայիսին Գորիսի «Սդղի գյոլում» տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում երկու եղբայրներից մեկը կորցրեց մի աչքի տեսողությունը, իսկ մյուսը լուրջ մարմնական վնասվածք ստացավ․ - «Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց, ավելին՝ նա դարձավ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական»:

2015-ին, ըստ զեկույցի, նախորդ տարվա համեմատ 24-ով ավելացել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների դեպքերը:

Հանրապետական պատգամավոր Սահակյանի խոսքով՝ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ամենաթողության է հասնում:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ բռնությունները շարունակվում են նաև ոստիկանությունում․ կալանքի տակ գտնվող 60 անձանցից 15-ը բարձրաձայնել են ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների մասին: Նշվում է, որ բռնությունները 2015-ին շարունակվել են նաև մի շարք քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով, կա համակարգային խնդիր, որը տարիների ընթացքում չի լուծվում, իսկ մարդու իրավունքների ոլորտում խախտումները զանգվածային բնույթ են ստանում ընտրական շրջանում․ - «Իշխանությունը պահպանելը և միաժամանակ մարդու իրավունքները պաշտպանելը շատ հաճախ հակասության մեջ են մտնում»:

XS
SM
MD
LG