Մատչելիության հղումներ

Պերմյակովի գործով դատարան կանչված ռուս զինծառայողները հանվել են 102-րդ ռազմաբազայի անձնակազմի ցուցակից


Վալերի Պերմյակովը դատական նիստի ժամանակ

Վալերի Պերմյակովը դատական նիստի ժամանակ

Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր անցկացվեց Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը։ Ցուցմունքներ տվեցին մի շարք առանցքային վկաներ։

Ավետիսյանների ազգական և հարևան Կարինե Ավետիսյանն այսօր առաջին անգամ դատարանում պատմեց, որ երբ սպանության օրը առավոտյան մոտավորապես ժամը 6-ին «գմփոց» է լսել և մտածելով, թե երկրաշարժ է, դուրս է եկել բակ՝ մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի լացի ձայնը, սակայն մթությունից վախենալով՝ գնացել է տուն, իսկ առավոտյան գնացել է աշխատանքի, որտեղ էլ իմացել է հարազատների սպանության բոթը։

Հարցաքննվեց նաև Ավետիսյանների տան հարևանությամբ՝ Մյասնիկյան 184 հասցեում գտնվող խանութի աշխատող Ռուզաննա Հակոբյանը, ով առավոտյան աշխատանքի գնալիս նկատել էր, որ Ավետիսյանների տան դարպասը բաց է, սակայն որևէ արտառոց բան չնկատելով՝ շարունակել էր ճանապարհը։ Այնուհետև, մոտ մեկուկես ժամ անց, սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, բղավելով հասել է խանութ և խնդրել է շտապօգնություն կանչել։

Դատարանը լսեց նաև շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանի ցուցմունքը։ Նա պատմեց, որ շտապօգնության դիմած Ռիտա Պետրոսյանը ասել է, թե իր հարազատները հավանաբար գազի արտահոսքի պատճառով են մահացել։ Ավետիսյանների տուն մտած բուժքույրը սպանված Արաքսյա Պողոսյանի վերմակը մի կողմ տանելով նկատել է փոքրիկ Սերյոժային և նրան գրկելով՝ շտապօգնության մեքենայով հասցրել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց։

Որպես վկա դատարան էին կանչվել նաև մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

Այսօրվա դատական նիստը ամենաերկարն էր անցած տարվա դեկտեմբերի 18-ին մեկնարկած դատավարության ողջ ընթացքում։

Ցուցմունք տվեց նաև վաշտի հրամանատար Արտյոմ Դանչիկը, ով, մասնավորապես, հաստատեց, որ ժամը 3:30-ի սահմաններում արդեն պահակապետ, ավագ լեյտենանտ Անդրեյ Նիկիշինը տեղյակ է պահել, որ Պերմյակովը լքել է դիրքը, ինչից հետո բազայի հրամանատար Յուրի Ավդեևի հրամանով սկսվել են որոնողական աշխատանքները:

Պերմյակովի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին ժամը 12:00-ին:

«Ազատության» հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, մեկնաբանելով Դանչիկի ցուցմունքները, արձանագրեց․ - «Պարզվեց, որ զինծառայողների ընտրության ժամանակ պատշաճ փաստաթղթավորում տեղի չի ունենում, այսինքն՝ չգիտես թե ում են բերում ռուսական բազայում ծառայելու։ Նույնիսկ հաշվի առնելով, որ այլ երկրում է ծառայությունը կատարում, թվում էր, թե հսկողությունը ավելի բարձր պատասխանատվությամբ պետք է իրականացվի։ Սա ես գնահատում եմ բացարձակապես անփույթ վերաբերմունք ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև նման անպատասխանատվության մյուս պատճառը նաև մեր կողմից՝ հայկական կողմից, ոչ պատշաճ պահանջների ներկայացումն է ռուսական բազայում ծառայության կազմակերպման պատասխանատուների նկատմամբ»։

XS
SM
MD
LG