Մատչելիության հղումներ

Ilur.am-ի թղթակցի ֆոտոխցիկը կոտրելու գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով


Սահմանադրական հանրաքվե, ընտրատեղամաս Երևանում, արխիվ
Սահմանադրական հանրաքվե, ընտրատեղամաս Երևանում, արխիվ

Քննչական կոմիտեն օրեր առաջ կարճել է ilur.am-ի թղթակից Ռաֆայել Աֆրիկյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընտրատեղամասերից մեկում Հանրապետականի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը կոտրել էր լրագրողի ֆոտոխցիկը։

«Ինքը դիտավորյալ հենց տեսախցիկին էր ցանկանում հարվածել, որովհետև իմ ու իր խոսակցությունը իմ տեսախցիկով ձայնագրվել էր», - պատմում է Աֆրիկյանը, - «Ուղղակի Հայաստանում դժվար է հավատալ արդարադատությանը, բողոքարկելու իմաստ էլ չեմ գտնում, որովհետև բողոքարկելուս արդյունքը գիտեմ ինչ է լինելու։ Եթե իրենց պետք է, իրենք ցանկացած գործ կարողանում են կարճել»։

Լրագրողը ուշադրություն է դարձնում մեկ այլ հանգամանքի վրա՝ քրեական գործը հարուցվել էր ոչ թե լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, այլ՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով, որով առավել մեղմ պատիժ է նախատեսված։

«Ես համաձայն չէի, որ այդ հոդվածն է դրված եղել՝ առաջինը, և երկրորդը՝ ավելի զավեշտալի ստացվեց, որ իրենց դրած այդ հոդվածը իրենք կարճեցին», - ասում է ilur.am-ի թղթակիցը։

Հանրաքվեից հետո ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը անդրադարձել էր լրագրողների դեմ հարձակումներին՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ուսումնասիրել բոլոր միջադեպերը։ Միջազգային կառույցի ներկայացուցիչը առանձնացրել էր նաև Ռաֆայել Աֆրիկյանի հետ կապված միջադեպը, որով քրեական գործը, փաստորեն, կարճվեց։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին իրավապահների այս որոշումը թույլ է տալիս եզրակացնել՝ մեղավորները կմնան անպատիժ։

«Երկրի ներսում այդպիսի ավանդույթ մենք չենք տեսնում, երբ լրագրողի կամ լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտող որևէ անձ ենթարկվի պատասխանատվության», - ասում է նա։

Մելիքյանն անցած տարվա երկու տարբեր իրադարձությունների մասին է հիշեցնում՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի և Բաղրամյան պողոտայի #ElectricYerevan-ի ցույցերը։ Երկու դեպքերում էլ հարուցված քրեական գործերը դոփում են տեղում՝ անգամ չի հայտարարվում կասկածյալների կամ մեղադրյալների մասին․ - «Դժվար է պատկերացնել, որ Հատուկ քննչական ծառայությունը կարողանա մեղադրանք առաջադրել բարձրաստիճան ոստիկաններին և մեղադրի նրանց նրանում, որ այդ ոստիկանական գործողությունների ընթացքում նրանք ջարդել են լրագրողների ֆոտո և տեսախցիկները, որ նրանք ֆիզիկական բռնության են ենթարկել և խոչընդոտել են․․․ այդ ամենը քրեական հոդվածներ են, բայց արդյո՞ք Հատուկ քննչական ծառայությունը այդպիսի քայլեր կանի։ Մենք միամիտ չենք, կարծում ենք, որ չեն անի»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցը դեռ երբեք այսչափ հաստափոր չէր եղել. Մելիքյանը փաստում է՝ 2015-ին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ոտնձգությունների աճ է արձանագրվել։

«Իսկապես ընդհանուր մթնոլորտը վատթարացել է, և այստեղ բազմաթիվ գործոններ իրենց դերն են կատարում։ Առաջինը և կարևորագույնը դա անպատժելիության մթնոլորտն է։ Այսինքն, ովքեր որ խոչընդոտում են լրագրողների և լրատվամիջոցների գործունեությունը, նրանք համոզված են, որ պատասխանատվության չեն ենթարկվելու, հենց այդ պատճառով էլ նրանք ազատություն են տալիս և՛ ձեռքերին, և՛ լեզվին», - ասում է Աշոտ Մելիքյանը։

Լրագրողական կազմակերպությունները նշում են՝ հետամուտ են լինելու մեղավորներին պատժելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG