Մատչելիության հղումներ

Մաքսիմ Սարգսյան. Կառավարությունն իրեն բնորոշ կերպով է առաջ գնում՝ կռուտիտ է անում


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ սարգսյան, արխիվ
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ սարգսյան, արխիվ

Երեկ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը բողքի ակցիա անցկացրեց՝ հոսանքի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

Նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ սեպտեմբերի 1-ից պատրաստվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել, քանի որ կառավարության ձեռնարկած քայլերն իրենց չի գոհացնում։

«Կառավարությունն իրեն բնորոշ կերպով է առաջ գնում, երևի թե փողոցային ժարգոն է, բայց իրենց քայլերին բնորոշ է՝ կռուտիտ են անում, այսինքն՝ այն հայտարարությունը, որ արեց Սերժ Սարգսյանը, այնտեղ ասվում էր, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա կվերցնի կառավարությունը, հետո կառավարությունը սկսեց էդ կռուտիտի տարբերակով ասել, որ՝ ո՛չ, մեծ ձեռնարկատերերինը չենք վերցնելու՝ հետին պլան մղելով հացի արտադրություն, սուրճ և այլն։ Մեր առաջին կարևոր պահանջը չեղարկումն է, որով կլուծվի այս բոլոր խնդիրները։ Եթե չեղարկվի այդ ապօրինի որոշումը, չի լինի սուբսիդավորման կարիք, էլ չի լինի ինչ-որ անհրաժեշտություն մտածել՝ ում, ոնց սուբսիդավորել, ինչ մասով, խնդիրը կլուծվի ու հարցը կփակվի։ Այ դրա համար պահանջի առաջին կետը դրված է՝ չեղարկել այդ որոշումը», - ասաց Մաքսիմ Սարգսյանը։

Երեկ Սիրահարների այգում մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստները որոշեցին շարժվել Բաղրամյան 26 ու իրենց հայտարարությունն ընթերցել հենց նախագահականի մոտ, որպեսզի իրենց ձայն ավելի լսելի դարձնեն իշխանություններին։ Սակայն ոստիկանությունը փակեց այգուց Բաղրամյան պողոտա տանող ճանապարհն ու թույլ չտվեց ցուցարարներին մոտենալ նախագահական նստավայրին։

Ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներից 6-ին, այդ թվում՝ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին և 1 անչափահասի: Վերջիններս փորձում էին ճեղքել նախագահական նստավայրի դիմացի մայթը պաշարած ոստիկանական շղթան և ներխուժել Բաղրամյան պողոտա:

Ոստիկանների հետ տեղի ունեցած հրմշտոցից տուժել էր Վաղինակ Շուշանյանը։ «Կրծքավանդակիս կոտրվածք ունեի, հենց էդ նույն հատվածում ոստիկաններից մեկը բռունցքով երկու անգամ հարվածեց, շունչս արդեն կտրվում էր, երկու անգամ էլ երիկամային հատվածիս է հարվածել, ցավն արդեն ուժեղանում է ու անտանելի է դառնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շուշանյանը՝ հավելելով. - «Հենց էդ նույն ոստիկանը կոկորդիցս խեղդող հնարք էր կատարում ու ես ուշագնաց եղա փողոցում»։

Վաղինակ Շուշանյանն, ավելի վաղ հայտարարել էր նախաձեռնությունից դուրս գալու մասին։ Հարցին, թե ինչո՞ւ է մասնակցում ակցիաներին, Շուշանյանը պատասխանեց. - «Ես միշտ եմ մասնակցելու բողոքի ակցիաներին։ «Ո՛չ թալանին»-ը իմն է, իրենք իմն են, իմ եղբայրներն ու իմ քույրերն են», - ասաց ակտիվիստը։

Նշենք, որ մինչև ակցիաի ավարտը բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ արձակվեցին։ Նախաձեռնությունը հայտարարեց ակցիան դադարեցնելու մասին՝ նշելով, որ սեպտեմբերի 11-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG