Մատչելիության հղումներ

Ակտիվիստների համար անընդունելի է հոսանքի թանկացումը սուբսիդավորելու եղանակը


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնությունների համար անընդունելի է վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս արած հայտարարությունը, թե օգոստոսի 1-ից հոսանքի թանկացումը կառավարությունը սուբսիդավորելու է Որոտանի կասկադի վաճառքի գումարներով։

«Վարչապետը, մեղմ ասած, մուկն ու կատու է խաղում ժողովրդի հետ։ Ու բառացիորեն չի գիտակցում, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ ընկնում է ժողովրդի թակարդը պանիր գողանալուց»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Հովիկ Աբրամյանին հիշեցնում է՝ Որոտանը ազգային հարստություն էր.- «Դուրս է գալիս, որ ուղղակիորեն վերցնում և ժողովրդի ունեցածը, նորից ժողովրդի գրպանից գողանալով՝ տալիս են յոթ դրամի սուբսիդավորմանը»,- նկատում է Հովսեփյանը։

Հունիսին Բաղրամյան պողոտան փակած նախաձեռնությունը, սակայն, նոր քաղաքացիական անհնազանդություններ դեռ չի ծրագրում, առայժմ զբաղված են էներգետիկ ոլորտին առնչվող նախարարությունների հետ նամակագրությամբ։

«Վստահեցնում եմ, որ այն, ինչ շարունակական թալան է բերելու, չի կարող ուղղակի նամակի ձևով... նամակները զուտ նրա համար են, որ բացահայտենք շերտային թալանը, որը տեղի էր ունենում այս ոլորտում։ Ստանալով այս պատասխանը՝ բնականաբար, լուռ մնալը ճիշտ չէ»,- ասաց «Ո՛չ թալանին»-ի ներկայացուցիչը։

Ի տարբերություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության, Հանրապետության հրապարակում արդեն մեկ շաբաթ շուրջօրյա նստացույց անցկացնող «Ոտքի՛, Հայաստան» շարժումը քաղաքացիական անհնազանդության նոր ակցիաներ է նախապատրաստում, շարժումն արդեն ավելացրել է իր պահանջները։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականն ենք պահանջում, քանի որ տարիներ շարունակ այդ հանձնաժողովը ցույց է տվել, որ ժողովրդի շահը չի սպասարկում։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման առումով այդ հանձնաժողովը սպասարկեց ռուսական կազմակերպության շահերը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։

Բացի հրաժարականներից՝ շարժումը պահանջում է նաև ազգայնացնել «Հայկական էլեկտրական ցանցերը»։ Որոտանի կասկադի վաճառքի գումարով հոսանքի սուբսիդավորման վարչապետի հայտարարությանը կպատասխանեն Կառավարության համապատասխան որոշումից հետո։

«Հիմա այս պահի դրությամբ մենք սպասարկելու ենք այս պահանջները, սկսելու ենք ստորագրահավաք, արդեն խոսել ենք մարզերում մեր ընկերների հետ, և' մարզերում, և' Երևանում ստորագրահավաք է տեղի ունենալու, մնացածը՝ երեկոյան»,- ասաց Սանասարյանը։

«Ոտքի՛, Հայաստան»-ի նոր պահանջներով պաստառներն արդեն հրապարակում են, շարժման անդամները ասում են՝ հրաժարականի պահանջներն ամեն շաբաթ կավելանան։

XS
SM
MD
LG