Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների իրավական նոր հիմք ձևավորել. Սարգսյան


Նախագահ Սերժ Սարգսյանը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Ռիգա, 22-ը մայիսի, 2015թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Ռիգա, 22-ը մայիսի, 2015թ.

Նոր հիմքը, ըստ ՀՀ նախագահի, համատեղելի կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող հանձնառությունների հետ:

Հայաստանը հանձնառու է Եվրամիության գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու հարաբերությունների իրավական նոր հիմք, այսօր Ռիգայում՝ Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Այդ նոր հիմքը, ըստ Սարգսյանի, մի կողմից կարտացոլի ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից բխող հանձնառությունների հետ:

«Հայաստանը կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը: Մենք առավել քան համոզված ենք, որ պետք է լինի բոլոր գործընկերների հավատարմությունն ընդհանուր արժեքներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ճանապարհով է շարունակելու աշխատել»,- Եվրամիության ներկայացուցիչներին վստահեցրել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանը իր ելույթում նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով դրա խաղաղ կարգավորումը «բաժանարար գծերից զերծ Եվրոպայի կերտման ճանապարհին»։ Նա հայտարարել է, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում:

«Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացում բանակցող կողմերը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Հայտնի է նաև, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս, մինչդեռ այդ երկրի իշխանությունը, տարածքային ամբողջականությունը համարելով միակ սկզբունք և այն դրոշ դարձրած, հետևողականորեն վիժեցնում է խաղաղ կարգավորման գործընթացը՝ մերժելով կարգավորման մյուս՝ համահավասար ու կարևոր սկզբունքները»,- ասել է Սարգսյանը։

«Այո՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Վերջին հաշվով, եթե խաղի միակ կանոնը լիներ տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա այսօր այս սեղանի շուրջ այսքան երկրների ներկայացուցիչներ չէին լինի, որովհետև պարզապես այդքան երկիր չէր լինի»,- նշել է Սարգսյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր «քաղաքական նպատակահարմարությանը տուրք չտալով, իրենց ավանդն են բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին»:

XS
SM
MD
LG