Մատչելիության հղումներ

Հանը «առավել քան վստահ» է՝ շուտով Հայաստանի հետ բանակցելու մանդատ կստանան


Լատվիա - Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Ռիգայում Արևելյան գործընկերության մեդիա համաժողովի ժամանակ, 20-ը մայիսի, 2015թ․

Լատվիա - Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը Ռիգայում Արևելյան գործընկերության մեդիա համաժողովի ժամանակ, 20-ը մայիսի, 2015թ․

Ռիգայում մեկնարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:

Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը «առավել քան վստահ» է, որ իրենք շատ շուտով Հայաստանի հետ բանակցությունները սկսելու մանդատ կստանան:

Այսօր Ռիգայում «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել կամ հավանություն է տվել, որպեսզի Եվրահանձնաժողովը բանակցություններ սկսի Հայաստանի հետ՝ համաձայնագիր ստորագրելու համար, Հանը հայտարարեց․ - «Ես պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ Բրյուսելում։ Երեկ իմ աշխատակիցները և Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունները Խորհրդին դրական եզրակացությամբ զեկույց են ներկայացրել, ինչի մասին հայտարարվել էր։ Դա Հայաստանի իշխանությունների հետ անցկացված «ոլորտների ճշգրտման վարժության» շարունակությունն է, որը մենք ավարտին ենք հասցրել մարտի վերջին, և այժմ ամեն ինչ կախված է Եվրոպայի խորհրդից: Սակայն ես առավել քան վստահ եմ, որ մենք շատ շուտով բանակցությունները սկսելու մանդատ կստանանք»։

Երեկ Յոհանես Հանը ասել էր, որ առայժմ Եվրամիության խորհուրդը այդպիսի հավանություն չի տվել Եվրահանձնաժողովին:

«Ազատության» մեկ այլ հարցի, թե տեխնիկապես ինչ է դա նշանակում, ինչպես կարելի է բացատրել այս ողջ գործընթացը, եվրահանձնակատարը արձագանքեց․ - «Ոչ, բանն այն է, որ արտաքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ սա հենց այդպիսի հարց է, պետք է ստանա Եվրամիության անդամ պետությունների հավանությունը։ Ընդ որում, այդ որոշումը չի կարող կայացվել պարզ մեծամասնության քվեարկությամբ, այլ պետք է բոլորի միաձայն հավանությունը ստանա։ Բայց, կարծում եմ, մեր ներկայացրած զեկույցը, դրա կոնցեպտը այնքան համոզիչ են, որ ես վստահ եմ՝ մենք միաձայն հավանություն կստանանք»։

Ռիգայում այսօր բացվում է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու են Արևելյան գործընկերության անդամ վեց երկրների ներկայացուցիչներ, չորս նախագահներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահը, և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մինչ այդ, այսօր Լատվիայի մայրաքաղաքում Արևելյան գործընկերության մեդիա համաժողովի ավարտից հետո շարունակվում էր բիզնես ֆորումը, որը նույնպես քննարկում է այն ուղիները, որոնք հնարավորություն կտային Եվրամիության գործարարներին ներդրումներ կատարել Արևելյան գործընկերության երկրներում:

Ըստ լրատվամիջոցների՝ Ռիգայի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթ է պատրաստվում, որտեղ կարող է նաև այսպիսի ձևակերպում լինել՝ «Ղրիմի բռնակցում», և ենթադրություններ կան, որ Հայաստանը և Բելառուսը դեմ են նման ձևակերպմանն ու հրաժարվում են ստորագրել այդպիսի փաստաթուղթ: Այդ մասին որևէ հստակ տեղեկություն «Ազատություն»-ը չունի, քանի որ գագաթնաժողովը դեռ չի սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG