Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ․ «Ամսեամիս հակառակորդը ավելի է սրում իրավիճակը»


Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ևս մեկ հայ զինվոր է զոհվել։ 20-ամյա զինծառայող Արսեն Աբրեստի Կարապետյանը հայկական կողմի արդեն երրորդ զոհն է վերջին երեք օրերի ընթացքում։

Ղարաբաղի Պաշտպանության բանակը նաև տեղեկացնում է, որ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը հրադադարի ռեժիմը սահմանային շփման գծում խախտվել է շուրջ 200 անգամ: տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ այդ թվում ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3 հազար կրակոց:

«Ամսեամիս հակառակորդը ավելի է սրում իրավիճակը», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից բխող հետևանքների պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։

«Ողջ ՀՀ և ԼՂՀ սահմանի երկայնքով հակառակորդը պահում է որոշակի լարվածություն: Ցավոք, այսպես դանդաղ, սահմանային պատերազմում առանց զոհերի չի լինում: Իսկ այդ զոհերը չեն նշանակում, որ մենք չենք հաղթում կամ հակառակորդին մեր կամքը չենք պարտադրում: Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրել այս հարցի վրա, որովհետև տարեսկզբից շատ մեծ ջանքերի գնով, այդ թվում նաև միջազգային կառույցների ջանքերի գնով հաստատվել է այսպես ասած փխրուն կայունություն», - նշեց Հովհաննիսյանը:

Նրա ձևակերպմամբ՝ հայկական կողմի գործողությունները մնում են նույն տրամաբանության մեջ․ - «Հակառակորդին զսպող, կանխարգելիչ գործողություններ: Հասկանալի է, որ որոշակի տրամաբանություն է ձևավորվում, որ [եթե] հակառակառորդը գնալով ավելի է լարում, ուրեմն մենք էֆեկտիվ չենք պայքարում: Այստեղ կուզենայի ձեզ ասել, որ բանակի գործառույթները, եթե մի օր արդյունավետ չլինեն, մի օր չլինեն ադեկվատ հակառակորդի ոտնձություններին, ապա մենք լրիվ այլ բան կտեսնենք»:

Հարցին, թե ժամանակը չէ, որ սահմանում անընդհատ աճող լարվածության հետ կապված Հայաստանը դիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, Հովհաննիսյանը պատասխանեց, թե դա քաղաքական խնդիր է։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե հարցը քննարկման փուլում է, և որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի զարգացումների վերաբերյալ Հայաստանը պարբերաբար տեղեկացնում է ՀԱՊԿ-ին․ - «Ինձ թվում է, որ շարունակականության դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան և իրոք դրա անհրաժեշտությունը կա, որովհետև արդեն բոլոր սահմաններն անցնում են․․․ Մենք խնդիր չունենք, մենք հաղթող կողմն ենք և մենք պահպանելու խնդիր ունենք, ոչ թե գրավելու կամ ինչ-որ անկարգություններ ստեղծելու»:

Նրա կարծիքով՝ քաղաքական քննարկումներից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա, ՀԱՊԿ-ը քայլեր կձեռնարկի:

«Միամիտ չենք կարծելու, որ ՀԱՊԿ-ը հենց վաղը զորք կուղարկի՝ պաշտպանելու Հայաստանի սահմանները, այդուհանդերձ, այդ կառույցը ստեղծված իրավիճակից բխող հստակ հայտարարություն պետք է անի», - ասում է խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը։ - «Հասկանալի է, որ մեր համար ՀԱՊԿ-ը այսօրվա դրությամբ ընդամենը Հայաստան - Ռուսաստան երկկողմանի հարաբերությունների խնդիր է, ֆորմատ է լուծելու, այդտեղ միգուցե և պետք է համապատասխան եզրակացությունների կամ քննարկումների արդյունքում որոշումներ կայացվի, թե Հայաստանը, այդ կազմակերպության անդամ լինելով, եթե այդ կազմակերպությունը չի բավարարելու մեր շահերին, ինչքան է իմաստային Հայաստանը այդտեղ գտնվելը: Եթե մենք այդ կառույցի անդամ ենք, պետք է ամեն ինչ անենք, պայքարենք, որ այդ կառույցը սկսի աշխատել»:

Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, դեռ անցած տարվա օգոստոսին պետք է բարձրացվեր ՀԱՊԿ-ին դիմելու հարցը, երբ սահմանում լարվածությունը հասել էր գագաթնակետին․ - «Քաղաքական կամք պետք է դրսևորվի, որոշում կայացվի և գոնե արծարծվի այդ հարցը: Այսինքն մենք չգիտենք մեր ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների, մեր պարտնյորների գնահատականը այս իրավիճակի վերաբերյալ: Գոնե արտահայտվելու համար մի հատ դիմենք, տեսնենք՝ գոնե պատրա՞ստ է այդ կառույցը իրականացնել այն, ինչը թղթին է տրվել ժամանակին և ինչով մեզ հրապուրել են այդ կառույցի մեջ մտնելու համար»:

Նրա համոզմամբ՝ եթե ադրբեջանական սանձարձակ գործողություններին վերջ չտրվի, ապա դա հղի է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգով:

Ի դեպ, այսօր, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ aravot.am-ի հարցին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. - «Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG