Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ․ Իրավիճակը սահմանում կրկին լարված է


Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքների՝ մի քանի տեղերում փորձելով ապակայունացնել իրավիճակը։

Հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին լարված է. հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերն ավելացել են շուրջ երեք անգամ, այսօր «Ազատության»-ը փոխանցեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մի քանի օր շարունակ իրավիճակը լարված է. ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքների՝ մի քանի տեղերում փորձելով ապակայունացնել իրավիճակը», - ասաց Հովհաննիսյանը։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի փետրվարի 28-ին տարածած հաղորդագրության համաձայն, հայկական առաջապահ ստորաբաժանումները կորուստներ պատճառելով հետ են շպրտել ադրբեջանական կողմի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, ինչի հետևանքով զոհվել են զինծառայողներ՝ 1979 թվականին ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995 թվականին ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

«Փետրվարի 21-ից հետո դժվարությամբ կայունացած իրավիճակն Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է: Սադրանքից հետո Պաշտպանության բանակն իրականացրել է պատժիչ գործողություններ», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. - «Կա որոշակի տեղեկություն ադրբեջանական կողմից. մեր դիտարկմամբ, արդեն 3 զոհ պետք է ունենան, որոնցից մեկի մասին արդեն որոշակի տեղեկություններ կան՝ Միրզաև Մեհդին Աբիօղլու»։

Տեղի ունեցածի առնչությամբ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի, հայկական կողմը հրավիրել է միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և զգուշացրել՝ «ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն, տարվա սկզբից հակառակորդի գնդակից զոհվել է 15 անձ, ներառյալ՝ 3 խաղաղ բնակիչ:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում ադրբեջանական կողմը տվել է մոտ երեք անգամ ավելի կորուստ, սակայն այդ մասին չի հայտնում: Պատճառն, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանի նախագահի՝ 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հայտնի հրամանագիրն է՝ «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ»:

«Ենթարկվելով այդ կարգադրությանն՝ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հանրությունից ուղղակի թաքցնում է սեփական կորուստների մասին տեղեկությունը», - եզրափակեց Հովհաննիսյանը:

Այն, որ այս տարի գրանցված կորուստներն իրենց քանակով աննախադեպ են 1994 թվականի զինադադարից հետո, փաստում են նաև միջազգային կառույցները. ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի ու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների փետրվարի սկզբին տարածած հայտարարությունում նշված էր, որ դեսպան Անջեյ Կասպշիկը միայն հունվարին կողմերի մոտ արձանագրել է 12 զոհ և 18 վիրավոր, ինչը «1994 թվականի հրադադարի կնքումից ի վեր տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»:

Հունվարի վերջին Հայաստանը նախագահի մակարդակով խոսեց կանխարգելիչ հարվածների մասին, եթե սահմանին սպառնալիքը մեծանա. պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»։

Փետրվարի կեսերին Բաքու, Երևան ու Ստեփանակերտ այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնուհետև՝ տարածաշրջանում էր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը, ով Երևանում հայտարարեց, որ նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ քննարկել է «արյունահեղությունը կասեցնելու հարցը» և հույս հայտնեց, որ «առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին խաղաղություն կհաստատվի»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, «պետք է հասկանանք, որ լարվածության նոր փուլի ենք անցել այլևս». - «Որը նշանակում է, որ մենք կունենանք էլի ոչ լայնամասշտաբ պատերազմի հասնող իրադարձություններ, բայց՝ պերմանենտ էսկալացիա, այսինքն՝ ամեն երկու, երեք ամիսը մեկ, երևի թե, մենք կունենանք նմանատիպ իրադարձություններ»։

XS
SM
MD
LG