Մատչելիության հղումներ

Ուորլիք. Խաղաղության բանալիները նախագահների ձեռքում են


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2015թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, Ստեփանակերտ, 18-ը փետրվարի, 2015թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես»-ին։

Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը խարխլում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև իրենց ժողովուրդների առջև նախագահների հանձնառությունը՝ լուծել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Երեկ «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հարցազրույցը բացառիկ է նաև այն առումով, որ առաջին անգամ է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս ղարաբաղյան լրատվամիջոցի։

Հարցին, թե որևէ կոնկրետ առաջարկներ կա՞ն, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում, Ուորլիքը պատասխանել է, որ իրենք կողմերի հետ խոսում են տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության և բռնության մասին։

«Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում։ Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման հարցը, ում ձեռքում են գտնվում խաղաղության բանալիները, բացի այդ՝ ընդգծում ենք տևական կարգավորման համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը. չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության համաձայնագրի», - ընդգծել է Ուորլիքը։

Մեծ պայմանագրին է անդրադարձել նաև ադրբեջանական կողմը՝ պնդելով, թե Հայաստանը խուսափում է սկսել աշխատանքներն այդ համաձայնագրի վրա։ Ադրբեջանի արտգործանախարարության մամուլի քարտուղարը APA-ին ասել է, մասնավորապես, թե համանախագահների այցելության ընթացքում Բաքուն նորից պատրաստակամություն է հայտնել լուրջ բանակցություններ սկսել, իսկ Հայաստանը ցանկացած պատրվակով խուսափում է՝ իբր սկզբում պետք է համաձայնեցվեն սկզբունքները, իսկ հետո արդեն սկսել աշխատանքը հենց համաձայնագրի վրա։

Իսկ «Արցախպրես»-ի հարցազրույցում ամերիկացի համանախագահը, անդրադառնալով բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման հարցին, ասել է. - «Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը։ Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ»։

XS
SM
MD
LG