Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները նոր առաջարկներ չեն ներկայացրել կողմերին


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով, տարածաշրջանային այս այցի ընթացքում իրենք նոր առաջարկներ չեն ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կողմերին:

Այսօր Երևանում՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ շուրջ մեկ ժամ տևած հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ նոր առաջարկ են բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին, Ուորլիքը ասաց.- «Ոչ մի, սա մեկ այլ հնարավորություն է խոսելու»:

Նշենք, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող դիվանագետներն այս անգամ դժկամությամբ էին պատասխանում լրագրողների հարցերին:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը տեղեկացրեց, որ այսօր ավելի ուշ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան տարածաշրջանային այցը եզրափակող հայտարարությամբ:

Հայաստանի ղեկավարի ու համանախագահների հանդիպման վերաբերյալ նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն, «նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, նախագահի համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին»:

Ավելի վաղ կայացած Էդվարդ Նալբանդյան-համանախագահներ հանդիպման վերաբերյալ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է՝ Հայաստանի արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտելու մասինմ և որ Բաքվի իրական նպատակն է ձախողել ղարաբաղյան բանակցային գործընթացի արդյունքները։

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը, «անդրադառնալով Արցախի դատարանի կողմից դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին որպես «մոլորված անմեղ գառնուկներ» ներկայացնելու Բաքվի փորձերին, նշել է, որ դրանք սնանկ են»։

Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Պիեռ Անդրիոն, Իգոր Պոպովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը վաղը կժամանեն Ստեփանակերտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Բաքվում էին, որտեղ հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ:

«Համանախագահները խնդիր ունեն թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, և դա անելու համար նրանք փորձում են նախևառաջ վերակենդանացնել բանակցային գործընթացը»,- այսօր «Ազատությանը» ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ առաջիկայում լարվածությունը կպահպանվի:

«Լարվածության պատճառները չեն հանգել»,- ասաց վերլուծաբանը.- «Այստեղ շատ կարևոր դեր է խաղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապրիլի 24-ը։ Ադրբեջանը լարվածությունը պահում է նաև այլ պատճառներով, բայց այդ պատճառը շատ ակտուալ է։ Ու սպասել, որ մինչև ապրիլի 24-ը լարվածությունը կմեղմանա, անիմաստ է»։

XS
SM
MD
LG