Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը նվազել է

Հայաստանը հետընթաց է գրանցել Heritage հիմնադրամի ամենամյա զեկույցում՝ «Տնտեսության ազատության 2015 թվականի ցուցիչում» 41-րդ տեղից հայտնվելով 52-րդ հորիզոնականում:

Եթե նախորդ զեկույցում Հայաստանը 68.9 միավոր ուներ, ապա 2014 թվականին տնտեսական ազատության վիճակն ամփոփող այս զեկույցում Հայաստանի միավորները նվազել են 1.8 ով: «Տնտեսության ազատության 2015 թվականի ցուցիչում» Հայաստանը 178 երկրների շարքում 8-րդ ամենամեծ հետընթացն ապրած երկիրն է․ ավելի մեծ հետընթաց ունեցել են Ուկրաինայի, Ալժիրի, Վենեսուելայի, Հասարակածային Գվինեայի, Գամբիայի, Եմենի և Բոտսվանայի տնտեսությունները:

Heritage հիմնադրամը շարունակում է Հայաստանի տնտեսությունը դասել չափավոր ազատների շարքում: Ամենաէական անկումը Հայաստանը գրանցել է օրենքի գերակայության ոլորտում:

Զեկույցում կարդում ենք․ - «Նախագահ Սերժ Սարգսյանը 2014-ին հեռացրեց որոշ հայտնի բարեփոխիչների և նոր կառավարություն ձևավորեց՝ ներառելով այնպիսի պաշտոնյաների, որոնք ենթադրաբար իրենց հարստությունը կուտակել են իշխանության մեջ ունեցած իրենց կապերի շնորհիվ: Օրինակ՝ ֆինանսների նախարարը տևական ժամանակ լրատվամիջոցների կողմից կոռուպցիոն մեղադրանքների թիրախում է եղել»:

Տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանն ուշագրավ է համարում ֆինանսների նախարարի մասին հիշատակումը:

«Ես որքան փնտրեցի իրենց զեկույցներում, կոնկրետ անձի վերաբերյալ գրառումներ չգտա: Դա իրոք ուշագրավ է», - ասում է նա:

2014 թվականի իրողություններն ամփոփող զեկույցում ուսումնասիրվող 10 ոլորտներից 6-ում Հայաստանի ցուցանիշները նվազել են, ամենամեծ հետընթացը ՝ սեփականության պաշտպանվածության ցուցանիշն է գրանցել:

Զեկույցում նշված է․ - «Դատական համակարգը այնքան անարդյունավետ է և կոռումպացված, որ բողոքարկումը կամ արտադատարանական լուծումները համատարած բնույթ են կրում, դատական կոռուպցիան մեծածավալ է, բռնագանձումը՝ տարածված»:

Հայկ Գևորգյանը Հայաստանի ցուցանիշների այսքան կտրուկ նվազելը կապում է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործընթացների հետ:

«Ինձ համար ավելի զարմանալի չէ այն, որ Հայաստանը անկում է գրանցել, այլ զարմանալի է այն, որ ժամանակին վերելք է ապրել Հայաստանը: Սեփականության պաշտպանվածությունը Հայաստանում մի քանի տարի առաջ ու հիմա իրարից չեն տարբերվում: Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա պաշտպանված չեն: Կոռումպացվածության աստիճանը պաշտոնյաների ավելի ցածր չէ հիմա, քան մի քանի տարի առաջ: Ուղղակի իմ կարծիքով այստեղ կա մի քիչ քաղաքական ենթատեքստ․ պետք էր գտնել առիթ, որպեսզի Հայաստանի դիրքերը այդտեղ նվազեցվեին Եվրասիական տնտեսական միությանը անդամակելուց հետո», - մեկնաբանում է Գևորգյանը:

Ուշագրավ է, որ երկարաժամկետ կտրվածքով դիտելիս, 1996 թվականից սկսած, տնտեսական ազատությունների առումով Հայաստանը բարելավել է դիրքերը 10-ից 8 ոլորտներում՝ հարկային, դրամավարկային, աշխատաշուկայի, բիզնեսի, ներդրումների ազատություններն ավելացել են, սակայն շատ լուրջ՝ 30 կետով հետընթաց է գրանցվել սեփականության իրավունքի և 15 կետով անկում՝ կոռուպցիան հաղթահարելու առումով:

«Երբ ԶԼՄ-ները, փորձագետները, վերլուծաբաններն ասում են, որ Հայաստանում կոռուպցիան խորանում է, նրանց թվում է, թե մենք դա ասում ենք հաճույքի համար: Իրոք Հայաստանում կոռուպցիան խորանում է, իրոք սեփականատերերը պաշտպանված չեն զգում իրենց», - ասում է տնտեսական մեկնաբանը:

Եվրասիական տնտեսական միությունում, որին հունվարի 2-ից անդամակցում է նաև Հայաստանը, վիճակն էլ ավելի վատ է: Բելառուսը գտնվում է աղյուսակի ստորին հատվածում՝ 153-րդ տեղում, որտեղ տնտեսական ազատությունները լիովին ճնշված են: Ռուսաստանը հիմնականում ոչ ազատ երկրների շարքում է՝ 142-րդ տեղում, իսկ Ղազախստանը, թեև Հայաստանի հետ նույն՝ համեմատաբար ազատ երկրների խմբում է, սակայն ցուցանիշներով զգալիորեն զիջում է Հայաստանին։ Տնտեսական մեկնաբանի խոսքով՝ հաջորդ զեկույցում պետք է կրկին Հայաստանի դիրքերի անկում սպասել:

«Հայաստանում խորանալու են բոլոր այն երևույթները, որոնք արդեն կան Մաքսային միության անդամ երկրներում», - ասում է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե այս զեկույցը ինչ-որ դեր խաղո՞ւմ է, Հայկ Գևորգյանն ասում է․ - «Դա կարևոր է օտարերկրյա ներդրողների համար, որովհետև Հայաստանում մեծ ներդրումներ կատարելու մտադրություններ ունեցող ընկերությունները առաջին հերթին նայում եմ նման կազմակերպությունների տված գնահատականներին: Այնպես որ, այս գնահատականը ոչ մի լավ բան Հայաստանի համար չի խոստանում»:

XS
SM
MD
LG