Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի գազային հանձնաժողովը զեկույց կներկայացնի փետրվարին մեկնարկող առաջին կամ երկրորդ քառօրյայի ընթացքում, այդ մասին տեղեկացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Գազային ժամանակավոր հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացներ դեռ դեկտեմբերին՝ մինչև նախորդ նստաշրջանի ավարտը, սակայն Վարդան Այվազյանի խոսքով՝ նախ դեկտեմբերին խորհրդարանը այնքան ծանրաբեռնված է աշխատել, որ զեկույցը լսելու ժամանակ չի մնացել, և բացի այդ՝ իրենց նյութերն են ծավալուն եղել:

«Մոտավորապես հինգ հազարից ավելի մենք ստացել ենք փաստաթուղթ: Հիմա պետք է մենք համապատասխան մարմիններին ասենք՝ մեկ-երկու անգամ ծանոթացեք, իրենցից արձագանք ստանանք, որ այդ արձագանքով միանգամից դնենք», - ասաց նա:

Գազայինժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել էր 2014 թվականի փետրվարի վերջին՝ արդեն 1 տարի է ուսումնասիրում է գազամատակարարման համակարգը, պատասխանելու համար հանրությանը հուզող մի շարք հարցերի, մասնավորապես ՝ որակո՞վ է արդյոք մեզ տրվող գազը, որքանով է սակագինը համապատասխանում Հայաստանի օրենքներին և միջազգային պրակտիկային կամ օրինակա՞ն է արդյոք 2011-2013 թվականներին կուտակված պարտքը, որի դիմաց Հայաստանը «Գազպրոմին» փոխանցեց «ՀայՌուսգազարդ»-ում իր վերջին 20 տոկոս բաժնեմասը:

Բազմաթիվ այս հարցերը քննելու համար հանձնաժողովը սկսեց աշխատել 4 ենթախմբով:

Հանրապետական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը սակագնով զբաղվող ենթախմբում է, հենց այս խումբն է, որ ծավալի պատճառով դեռ չի ավարտել աշխատանքը: Նրա խոսքով, մինչև զեկույցի հրապարակումը պայմանավորվածություն ունեն չխոսել:

«Մենակ կարող եմ ասել, որ այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որը պետք է դեռ քննարկվի, ուսումնասիրվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Նախկին վարչապետ, Տնտեսական հանձնաժողովի անդամ Հրանտ Բագրատյանի կարծքով՝ գազի գինը իջնելու տեղ ունի․ - «Հաշվարկների մեջ կան կետեր, որ ես համաձայն չեմ: Մասնավորապես, վերցված է բարձր աշխատավարձը: Ես կարծում եմ, որ ընկերությունը կարող է 300,000 դրամ էլ վճարել միջին աշխատավարձ, բայց մենք հաշվարկում ընդունում ենք այն աշխատավարձի մեծությունը, որը միջին է հանրապետությունում»:

Գարեգին Նուշիկյանի կարծիքով՝ աշխատավարձերի հարցը խոցելի ոլորտում է, քանի որ որոշ սոցիալական հարցեր է լուծում․ - «Ես չեմ կարծում, որ կարևոր հարցը այդտեղ է: Այնտեղ շատ ավելի հարցեր կան, որը ավելի մեծ խնայողություններ կարելի է անել»:

Իսկ հնարավո՞ր է, որ գազի սակագինը կրկին վերանայվի․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան ասաց՝ դեռ հայտ չեն ստացել, երբ ստանան՝ կքննեն:

«Ընդամենը կարող եմ ասել՝ դոլար-դրամ փոխարժեքի բաղադրիչը կարող է հիմք հանդիսանալ հայտով դիմելու: Սպասենք, սակագնային տարին կավարտվի, եթե միջին դոլար-դրամ փոխարժեքը այնպիսին լինի, որը ի վնաս ընկերությունների է կամ ի վնաս բնակչության, իհարկե, կարող է մենք մեր նախաձեռնությամբ վերանայենք, բայց այսօր դեռևս շուտ է», - հայտարարեց պաշտոնյան:

XS
SM
MD
LG