Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է խթանել արտահանումը


Կառավարությունը փորձում է խթանել արտահանումը
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Կառավարությունը մտադիր է տասն անգամ նվազեցնել շահութահարկը այն ընկերությունների համար, որոնք տարեկան կարտահանեն առնվազն 50 միլիարդ դրամի ապրանք:

Գործադիրի նիստում հարցը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասնեց, որ այդպիսի ընկերությունները կվճարեն 2 տոկոս շահութահարկ՝ գործող 20 տոկոսի փոխարեն: Սակայն այդ ընկերությունները պետք է իրականացնեն կառավարության հավանությանը արժանացած արտահանման ծրագիր, պետք է հաշվետու տարվա ընթացքում արտահանման արդյունքում հայաստանյան բանկերի իրենց հաշիվներին մուտքագրեն առնվազն 50 միլիարդ դրամին համարժեք արտարժույթ և, վերջապես, այդ ընկերությունները չեն կարող լինել հանքարդյունահանող կամ հանքային հումքի վերամշակում իրականացնող:

Կառավարությունը հրատապ ճանաչեց «Շահութահարկի մասին» օրենքում այսպիսի փոփոխություններ կատարելու նախագիծը, և այժմ այն պետք է քննարկվի Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոգևորված էր․ - «Սա կառավարության այն ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը: Եթե կարողանանք իրոք մենք ունենալ նման գործընկերներ, որ տարվա ընթացքում կարող են 50 միլիարդ դրամի կարգի ապրանք արտահանել, դա իրոք աշխատատեղերի ստեղծում է: Նաև բազմաթիվ եկամտահարկ և այլ լրացուցիչ եկամուտներ է մեր պետական բյուջեում»:

Սակայն կառավարության նիստից հետո Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում հանքահումքային ոլորտից դուրս չկա գեթ մեկ ընկերություն, որը տարեկան կարտահանի առնվազն 50 միլիարդ դրամի ապրանք:

Տարակուսած լրագրողների հարցին, թե այդ դեպքում ո՞րն է այս նախաձեռնության նպատակը, փոխնախարարն արձագանքեց․ - «Սա վերաբերում է բացառապես դրսից կատարվող ներդրողներին, որոնք կգան Հայաստան, ներդրումներ կանեն Հայաստանում և ստեղծված արդյունքը կարտահանեն Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կարգավորման մեխանիզմը այնպիսին է, որ սա վերաբերելու է բացառապես նոր կատարվող ներդրումներին»:

«Ազատության» հարցին, թե վարվել են արդյոք նախնական բանակցություններ, Միրումյանը պատասխանեց․ - «Նախնական բանակցություններ, այո, կան»:

Ըստ Միրումյանի, նման ձեռնարկություններ կարող են ստեղծվել բոլոր այն ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի արտահանման ներուժ: Որպես օրինակ նա նշեց շինանյութերի արտահանման ոլորտը:

Հայաստանի արտահանողների միության նախագահ, գործարար Րաֆֆի Մխջյանի խոսքով, եթե կառավարությունը ցանկանում է խթանել արտահանումը և նպաստել տնտեսական աճին, նախևառաջ պետք է ուշադրություն դարձնի փոքր ու միջին ընկերություններին․ - «Եթե հարստին օժանդակեց հարստությունը մի քիչ էլ ավելացնելու, շատ լավ բան ես անում իրենց համար: Բայց փոքր և միջինի համար ոչինչ չեք անում: Այսօր մեզ պետք է փրկել փոքր ու միջինը, փոքր ու միջինն է, որ այսօր ընկած պայուսակները հավաքելով, թողնում-փախնում է»:

Այն, որ այս տարի Հայաստանի տնտեսության համար դժվար է լինելու, առարկողներ, կարծես թե չկան: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ, օրինակ, 2015-ին Հայաստանը կունենա 0 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ առանց մենաշնորհներից, մաքսային ու հարկային ոլորտում տիրող հսկայածավալ կոռուպցիայից ազատվելու, այսպիսի քայլերով հնարավոր չէ հասնել ո՛չ արտահանման խթանմանը, ո՛չ տնտեսական աճի․ - «Իշխանությունը, կամ կառավարությունը փորձում է հետևանքները վերացնել: Հիմնական պատճառը չի վերացնում: Իսկ տնտեսության այսօրվա այս վիճակում հայտնվելու հիմնական պատճառը այն տնտեսական մոդելն է, որն ընտրվել է իշխանությունների կողմից, արդեն գործում է 10 և ավելի տարի: Այդ տնտեսական մոդելի ամենահիմնական գաղափարը, կամ նպատակը նա է, որ տնտեսության մեջ լինեն մոնոպոլիաներ, գերիշխող դիրք գրավող կազմակերպություններ, որոնք կապահովեն գերշահույթներ, և այդ գերշահույթները ոչ թե կհասնեն սովորական քաղաքացիներին, այլ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք հետագայում կօգտագործեն քաղաքական նպատակներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG